Ինչ է անհրաժեշտ եկամուտների հայտարարագիր ներկայացնելու համար

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ ֆիզիկական անձինք 2025 թվականին եկամուտների հայտարարագիր պետք է ներկայացնեն 2024 թվականի համար: Նախքան հայտարարագիր ներկայացնելն առաջին հերթին պարտադիր է իրականացնել անձի նույնականացում և ձեռք բերել էլեկտրոնային ստորագրություն: Անձի նույնականացման համար անհրաժեշտ է ունենալ նույնականացման ID քարտ, չունենալու դեպքում՝ կարող եք դիմել Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ցանկացած գրասենյակ՝ նախապես ամրագրելով այց։

«Անձի նույնականացում կարող եք իրականացնել բջջային հեռախոսի միջոցով (mID), որի համար անհրաժեշտ է նույնականացման քարտով և բջջային հեռախոսով այցելել ձեզ սպասարկող կամ նախընտրելի այլ բջջային կապի օպերատորի ցանկացած կենտրոն, որտեղ ձեր բջջային քարտը կփոխարինեն նոր ID SIM քարտով կամ օպերատորին փոխելու դեպքում՝ կտրամադրեն նոր քարտ։ Կարևոր է իմանալ, որ էլեկտրոնային նույնականացումից հետո ինքնաշխատ կակտիվանա էլեկտրոնային ստորագրությունը:

Անձի նույնականացման մյուս տարբերակն իրականացվում է էլեկտրոնային կրիչ պարունակող նույնականացման քարտով (eID), որի համար անհրաժեշտ է ունենալ մինչև 2023 թվականի փետրվարի 15-ն ստացած էլեկտրոնային չիպ պարունակող վավեր նույնականացման քարտ, որի հետ առանձին ծրարով տրամադրվել են PIN և PUK ծածկագրերը: Անհրաժեշտ է ունենալ նաև ID քարտն ընթերցող սարք, որը կարող եք ձեռք բերել նաև «ԷԿԵՆԳ» ընկերությունից: Այս դեպքում ևս էլեկտրոնային ստորագրությունն ինքնաշխատ կակտիվանա։

Նշված տարբերակներից որևէ մեկով արդեն իսկ գործող կամ ակտիվ էլեկտրոնային նույնականացման և էլեկտրոնային ստորագրության առկայության դեպքում լրացուցիչ որևէ գործողություն չի պահանջվում:

Կարևոր է իմանալ, որ ՊԵԿ ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ կարող եք մուտք գործել ինչպես վեբ տարբերակով՝ https://self-portal.taxservice.am/,

այնպես էլ՝ Self Portal բջջային հավելվածի միջոցով, որը հասանելի է

Apple App Store-ում՝ iOS-ի համար

Google Play Store-ում՝ Android-ի համար»,- ասված է ՊԵԿ-ի հաղորդագրության մեջ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print