ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը հայտնել է, որ 2026 թվականի հունվարի 1–ից Հայաստանում բոլոր աշխատանքային պայմանագրերը պարտադիր պետք է կնքվեն էլեկտրոնային համակարգով։ Նա հիշեցրել է, որ օրենսդրական այդ փոփոխություններն ընդունվել են 2024թ. դեկտեմբերին՝ ԱԺ-ում։ Ըստ այդմ, այս տարվա հուլիս 1–ից աշխատանքային պայմանագրերն էլեկտրոնային տարբերակով կնքելու պահանջը կգործի կամավորության սկզբունքով, իսկ հաջորդ տարվանից այն կդառնա պարտադիր։
«Պետական եկամուտների կոմիտեի հարթակում լինելու է պորտալ, որտեղ մուտք են գործելու գործատուները։ Լինելու է հնարավորություն՝ ստեղծել աշխատանքային պայմանագիր։ Գործատուները լրացնելու են աշխատանքային պայմանագրի պարտադիր դաշտերը»,- ասել է նա։ Ըստ Սարգսյանի, գործատուն կարող է աշխատողի հետ համաձայնությամբ ավել պայմաններ ավելացնել պայմանագրում, եթե դրա կարիքը տեսնում է։ Դրանից հետո գործատուն կամ լիազոր ներկայացուցիչը պայմանագիրը կստորագրեն էլեկտրոնային ստորագրությամբ։