Իրական Հայաստանի գաղափարախոսությունը կամ նախագիծը հիմնված է 14 հիմնական դրույթների վրա: Վարչապետը ներկայացրեց այդ դրույթները: Դրանցից առաջինը, որը ներկայացրեց վարչապետը, հետևյալն է:
«Հայրենիքը, պետությունը, սիրո՞ւմ ես հայրենիքս՝ ուժեղացրո՛ւ պետությունդ: Հայրենիքը հայերիս լեզվամտածողության ամենանվիրական հասկացություններից է, բայց այն չի առնչակցվում իրավունքների և պարտականությունների համակարգին, ունի աշխարհագրական ընկալման տարբերակներ: Իրական Հայաստանի սույն գաղափարախոսությունը հայրենիքը նույնացնում է միջազգայնորեն ճանաչված պետության՝ ՀՀ-ի հետ, հայրենասիրությունը պետության շահերի, դրանում սահմանված իրավունքների ու պարտականությունների համակարգի հետ:
Հայրենասիրության այս մոդելի զարգացման համար էական է, որ ժողովուրդը, քաղաքացին ինքն իրեն ընկալի ոչ միայն որպես պետության հիմնադիր, այլև պետության մեջ հաստատված իրավակարգի աղբյուր, պետության մեջ հաստատված սահմանադրական կարգը ընկալի որպես համակեցության իր մասնակցությամբ և որոշմամբ ձեռք բերված համաժողովրդական պայմանավորվածություն: Այս համակարգի համար ահա էական է համաժողովրդական հանրաքվեով նոր Սահմանադրության ընդունումը, քանի որ գործող Սահմանադրության ընդունման համար անցկացված նախկին բոլոր հանրաքվեները հանրային ընկալման մեջ ունեն լեգիտիմության լրջագույն պակաս: Նոր Սահմանադրության ընդունման ռազմավարական նպատակը անցնում է պետականազուրկ ազգի ռելիկտային (մնացորդային) գործելակարգից դեպի պետականակերտ ժողովրդի գործելակարգ:
Քանի որ այս թեման շատ է շահարկվել և շահարկվում է, 2020 թվականի փետրվարին խոսել եմ Հայաստանի նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին: Իսկ ինչո՛ւ է դա կարևոր, և ինչպես է ընդգծվում կարևորությունը այս գաղափարախոսական փաստաթղթում:
Հայաստանի քաղաքացիները իրենց պետք է ընկալեն և թերևս ընկալում են որպես ՀՀ հիմնադիր, բայց պետք է նաև իրենք իրենց ընկալեն որպես ՀՀ-ում հաստատված իրավահարաբերությունների սահմանադրական կարգի՝ իրավունքների և պարտականությունների համակարգի հիմնադիր, և իրենք այդ իրավունքների և պարտականությունների հետ առնչվելիս պետք է արձանագրեն, որ դա իրենց ստեղծածը և իրենց հեղինակածն է, հետևաբար իրավակարգը, որը պետության մեջ գոյություն ունի, հարազատ է իրենց և իրենց կողմից ստեղծված է
Այսօր, իմ ընկալմամբ, մենք շատ դեպքերում այս ընկալումը չունենք, և շատ դեպքերում պետության ներսում գործող իրավակարգն ընկալվում է որպես ինչ-որ ուրիշի կողմից քաղաքացիներին պարտադրված, և սա մեր պետության առաջընթացի կարևորագույն խոչընդոտներից է»,- նշեց նա: