ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանություն է տրվել «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ, կատարելու մասին որոշման նախագծին:
Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Ներկայացնելով նախագծի բովանդակությունը և նպատակը՝ Ժաննա Անդրեասյանը նշել է. «Կառավարության որոշման նախագծով նախատեսվում է 2025 թ. պետական բյուջեով ԿԳՄՍ նախարարությանը կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցներից կատարել վերաբաշխում՝ 1 մլրդ 593 մլն 349 հազար դրամի չափով: Նախագծի նպատակն է ֆինանսական միջոցներ հատկացնել մի շարք կրթական և մարզական հաստատությունների ավարտական աշխատանքների ապահովման, ավարտվող շինարարությունների պայմանագրերի մնացորդների վճարման, ինչպես նաև մի շարք օբյեկտների նախագծանահաշվային փաստաթղթերի մշակման համար»։
Ըստ ԿԳՄՍ նախարարի՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ իրականացվող մի շարք կրթական և մարզական հաստատությունների շինարարությունն ավարտված է: Ավարտական փուլում գտնվող օբյեկտների (4 մանկապարտեզի, 6 մոդուլային դպրոցի, 1 ավագ դպրոցի մասնաշենքի, 3 դպրոցի մարզադահլիճի, 1 մարզադպրոցի և 1 մարզադաշտի կառուցման, ինչպես նաև 6 դպրոցի մարզադահլիճի վերակառուցման) ֆինանսավորման, ինչպես նաև 13 օբյկետի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության աշխատանքների վճարման համար անհրաժեշտ է կատարել վերոնշյալ հատկացումը:
Նախագծով կատարվում է նաև միջեռամսյակային վերաբաշխում որոշ ծրագրերի համար, մասնավորապես՝ դպրոցական լաբորատոր սարքերի ձեռքբերման համար վճարումներ կատարելու նպատակով: «Դպրոցներում բնագիտական և ՏՏ լաբորատորիաների ապահովումը ՀՀ կառավարության թիրախային ծրագրերից է, և նախորդ տարի 541 դպրոցի լաբորատորիա է հատկացվել: Այս վերաբաշխմամբ որոշակի վերջնական վճարումներն են իրականացվելու»,- խոսքը եզրափակել է նախարարը:
Կարևորելով հարցի քննարկումը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է վերաբաշխման համար նախատեսված օբյեկտների ցանկը՝ ըստ ավարտված կամ ընթացիկ աշխատանքների: Կարևորվել է նաև մանկապարտեզների և դպրոցների գույքի ձեռքբերման ընթացակարգը պետական քաղաքականության հստակեցման համատեքստում: