Վարկի հակառակ կողմը․ ԶՊՄԿ գործադուլավորների բողոքի հետքերով

Արմինֆո. «Վարկերի տակ ճռռալ» արտահայտությունը որպես կանոն ընկալվում է որպես չարքաշ, աղքատ կյանքի վկայություն։ Ենթադրվում է, որ եթե մարդը վարկեր ունի, ուրեմն կյանքը դժվար է։ Ահա ԶՊՄԿ –ի բողոքավոր աշխատակիցները որպես դժգոհության պատճառ, նշում էին, թե բոլորը «վարկերի տակ են»։ Ինչո՞ւ պետք է այսպիսի (հարուստ) հիմնարկի աշխատակիցը վարկ վերցնի, ասում էին բողոքի մասնակիցները։

Բայց արդյո՞ք վարկ վերցնում են միայն աղքատությունից դրդված։

Վարկ վերցնում են նաև բնակարան, մեքենա գնելու համար, «վարկի տակ» կարող են լինել նաև մեծահարուսնտերը, որոնք վարկ են վերցնում գործարան, հյուրանոց կամ այլ բիզնես կառուցելու համար։

Հետաքրքիր  էր ԶՄՊԿ-ի հրապարակած շարքային աշխատակիցների միջին աշխատավարձերը։ Ակնհայտ է, որ նույնիսկ բանվորը ԶՊՄԿ-ում կարող է ստանալ 300,000 դրամ կամ ավելի աշխատավարձ։ Ծանր տեխնիկայի վարորդների աշխատավարձն անցնում է ամսական 1 միլիոն դրամը։ Հետևաբար, ակնհայտ է, որ վարկը տվյալ դեպքում աղքատության ցուցանիշ չէ, այլ՝ հակառակը։

Քաջարան քաղաքում մեր աղբյուրը հաստատեց, որ համաքաղաքացիները, որոնց մի զգալի մասը ԶՊՄԿ աշխատակից են, իսկապես վարկեր ունեն, և դրանք մեծամասամբ բնակարանի, ավտոմեքենայի, երբեմն թանկարժեք տեխնիկայի ձեռքբերման համար վերցվող վարկեր են։ Շատերը վարկ են վերցնում նույնիսկ Երևանում կամ մերձակայքում բնակարան ձեռք բերելու համար։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը մեզ հետ զրուցելով, նշեց, որ Սյունիքի մարզում բանկերն ավելի շահագրգռված են վարկեր տրամադրել, քանի որ Սյունիքը ՀՀ ամենաբարեկեցիկ մարզն է։

Նշենք, որ, Սյունիքի աշխատողների միջին աշխատավարձը հանրապետական աշխատավարձից ավելի բարձր է։ Բացի այդ, Սյունիքը նաև ըստ պաշտոնական տվյալների ՀՀ ամենաբարեկեցիկ մարզն է, և այստեղ աղքատությունն ընդամենը 2.3% է, այն դեպքում, երբ որ Հայաստանում 23.7% է։

«Այս պայմաններում բանկերն, անշուշտ, ավելի շահագրգռված են նման մարդկանց վարկեր տրամադրել, քանի որ այդ մարդիկ աշխատում են, միջին աշխատավարձը բարձր է, վճարունակ են, ընդունակ են վարկերը վճարել ժամանակին։ Եվ այս պարագայում բանկերն ավելի քիչ ռիսկով են վարկեր տրամադրում։ Նույնիսկ բանկերը, երբ որ տեսնում են, որ միջին աշխատավարձը բարձր է, աշխատավարձի հիմքով են վարկեր տրամադրում։ Օրինակ, աշխատավարձի քառապատիկի կամ հնգապատիկի չափով են վարկեր տրամադրում՝ առանց երաշխավորի, առանց գրավի՝ հաշվի առնելով, որ մարդը կայուն աշխատավարձ ունի»։

Տնտեսագետը նշեց, որ շատ հաճախ նաև ընկերությունները, օրինակ, նույն հանքարդյունաբերական ընկերությունները համագործակցում են բանկերի հետ՝ իրենց աշխատակիցների համար շահեկան պայմաններ ապահովելու համար։ Եվ բանկերն էլ խոստանում են, որ եթե դուք ձեր հաշիվները մեզ մոտ պահեք, մենք ձեր աշխատակիցների համար արտոնյալ պայմաններով վարկեր կտրամադրենք և այլն։

Այսինքն, նաև ընկերությունն այս առումով երբեմն ազդեցություն է թողնում բանկերի քաղաքականության վրա։ Եվ սա իհարկե ձեռնտու է և շահավետ է այդ վարկառուների համար, ասում է տնտեսագետը։

Սա իհարկե չի նշանակում օրվա հացի կարիքները հոգալու համար սպառողական միկրո վարկերի գոյության փաստը։ Բայց դա չի նշանակում, որ տան կամ մեքենայի համար վարկ վերցրած մարդը պետք է իրեն աղքատ համարի, որովհետև վարկ ունի։

Հետևաբար, հավանաբար տնտեսագետների խնդիրն է փորձել շրջանառությունից հանել «վարկերի տակ ճռռալ» արտահայտությունը, քանի որ շարքային քաղաքացու մոտ տպավորություն է ստեղծվել, որ եթե ինքն աշխատում է, ուրեմն պետք է այնքան աշխատավարձ ստանա, որ կարողանա միանվագ վճարումով բնակարան գնել։ Ասենք, «հետ գցած» 30 միլիոն դրամ ունենալ մի քանի տարվա ընթացքում։ Մինչդեռ բնակարան, մեքենա, կամ այլ մեծ գնում անելու համար վարկ վերցնում են նույնիսկ ամենաբարեկեցիկ երկրներում, նույնիսկ ամենաբարձր աշխատավարձ ստացող մարդիկ։ Այլապես Հայաստանում ձևավորվում է անիրատեսական պահանջ ամեն հաջորդ իշխանությունից՝ «ջրել» բոլորի վարկերը։ Սա ծանր հոգեբանական բեռ է դառնում թե՛ ցանկացած կառավարության, թե՛ բանկային համակարգի և թե՛ հասարակության ընդհանուր սոցիալական առողջության վրա։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print