Փետրվարի 21-ին՝ ժամը 06:40-ին, ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն շտապօգնությունից հաղորդում է ստացվել, որ գանգուղեղային վնասվածքով Ազատան բնակավայրից «Գյումրի» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել 31-ամյա բուժակը։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից։
Մեկնել է Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնի օպերատիվ խումբը։ Երիտասարդը հայտնել է, որ ժամը 05:10-ի սահմաններում կանչով մեկնել է Ազատան բնակավարի 28-րդ փողոցի տներից մեկը, որտեղ 75-ամյա քաղաքացուն օգնություն ցուցաբերելու ընթացքում նրա որդին՝ 44-ամյա տղամարդը, մոխրամանով հարվածել է դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։
Տուժողից ընդունվել է հաղորդում։ 44-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժին։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն։