🎥Արգելափակումից դուրս է բերվել 359 տրանսպորտային միջոց, 877 քաղաքացու ցուցաբերվել օգնություն

Փրկարարներն ու ոստիկաններն իրականացնում են ուժեղացված ծառայություն՝ արգելափակումից դուրս բերելով տրանսպորտային միջոցներն ու անօգնական քաղաքացիներին։

Ձյան առատ տեղումներով պայմանավորված՝ փետրվարի 20-ից 21-ը ՆԳՆ Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում բազմաթիվ ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ավտոճանապարհներին արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ։

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է արգելափակման կամ խցանման մեջ հայտնված տրանսպորտային միջոցների 97 դեպք։ Փրկարարներն ընդհանուր առմամբ արգելափակումից դուրս են բերել 359 տրանսպորտային միջոց, 877 քաղաքացու՝ ցուցաբերել համապատասխան օգնություն։ Արգելափակման առավել շատ դեպքերը գրանցվել են, մասնավորապես, Արագածոտնի, Կոտայքի և Լոռու մարզերում, ինչպես նաև՝ Երևանում։

Փրկարարները, համագործակցելով ՆԳՆ ոստիկանության ծառայողների հետ, 24/7 ռեժիմով շարունակում են աշխատանքներ իրականացնել՝ արգելափակումից դուրս բերելով տրանսպորտային միջոցները և անօգնական քաղաքացիներին։

Միևնույն ժամանակ հանրապետության մի շարք միջպետական ավտոճանապարհներին պարբերաբար իրականացվում են շրջայցեր, սահմանվում է հերթապահություն՝ անհրաժեշտության դեպքում վարորդներին օգնություն ցուցաբերելու և քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով։

ՆԳ նախարարությունը ևս մեկ անգամ կոչ է անում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, լինել առավել զգոն՝ խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության կանոնները:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print