Մունդիալ-2022․ Արգենտինան և Լեհաստանը կշարունակեն պայքարել աշխարհի գավաթի համար

Արգենտինայի եւ Լեհաստանի հավաքականները դուրս եկան աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ, տեղեկացնում է news.am-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ C խմբի երրորդ տուրի խաղում Ամերիկայի գավաթակիրները 2:0 հաշվով պարտության մատնեցին լեհերին եւ 6 միավորով գրավեց առաջին տեղը։

Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմին հաղթանակ բերեցին անգլիական «Բրայթոնի» 23-ամյա կիսապաշտպան Ալեքսիս Մաք Ալիսթերի գոլը 46-րդ րոպեին եւ Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» 22-ամյա հարձակվող Խուլիան Ալվարեսի գոլը 67-րդ րոպեին։

Աշխարհի առաջնություններում 9-րդ գոլը կարող էր խփել Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին, սակայն չկարողացավ արդյունավետ իրացնել 11-մետրանոցը։

Լեհաստանի հավաքականը 4 միավորով գրավեց երկրորդ տեղը եւ նույնպես կխաղա փլեյ-օֆֆում։

4 միավոր վաստակեց նաեւ Մեքսիկայի հավաքականը, որը 2:1 հաշվով առավելության հասավ Սաուդյան Արաբիայի նկատմամբ։ Աչքի ընկան մեքսիկական «Ամերիկայի» 30-ամյա հարձակվող Էնրի Մարտինը եւ մեքսիկական «Պաչուկայի» 26-ամյա կիսապաշտպան Լուիս Չավեսը։

Այսպիսով, 1/8 եզրափակիչում Արգենտինայի հավաքականը կմրցի D խմբում երկրորդ տեղը գրաված ավստրալացիների հետ։ Լեհաստանի մրցակիցը կլինի D խմբի հաղթող Ֆրանսիան։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print