ՀՀ կառավարությունը հաստատել է «Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող կարտոֆիլի սերմացուի նկատմամբ սակագնային արտոնություն կիրառելու, ներմուծման բաշխման կարգը, մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների ձևերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը /20.02.2025, N183-Ն/։ Այդ մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
ԵՏՀ Խորհրդի կողմից հաստատված՝ 2025 թվականի հունվարի 22-ի «Մաքսային միության հանձնաժողովի որոշ որոշումների մեջ կարտոֆիլի սերմացուի մասով փոփոխություններ կատարելու մասին» N2 որոշման համաձայն՝ Հայաստանին հատկացվել է 3,5 հազ․ տոննա ծավալով կարտոֆիլի սերմացուի (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիր 0701 10 000 0) Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման /0 % մաքսատուրքի դրույքաչափ/ նկատմամբ սակագնային արտոնություն, որի կիրառման ժամկետ է սահմանված 2025 թվականի հունիսի 30-ը։
Նշյալ մաքսատուրքի սակագնային արտոնությունից օգտվելու նպատակով՝ արտաքին տնտեսական գործունեության մասնակցի կողմից Էկոնոմիկայի նախարարություն հայտեր ներկայացվելու վերջնաժամկետը սահմանվել է սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 20-րդ աշխատանքային օրը՝ համաձայն սույն որոշման հավելվածով նշված N 1 ձևի՝ կցելով սույն որոշման հավելվածի 19-րդ կետով նշված անհրաժեշտ փաստաթղթերը։
Հայտը և դրան կից փաստաթղթերը անհրաժեշտ է ներկայացնել նախարարություն՝ էլեկտրոնային եղանակով (էլ. հասցեն՝ secretariat@mineconomy.am), փոստային կամ առձեռն։ Էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում դիմումն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ։