Ձյան առատ տեղումներով պայմանավորված՝ փետրվարի 20-ից հանրապետության ողջ տարածքում ՆԳՆ Փրկարար ծառայությունն ու Ոստիկանությունն անցան ուժեղացված ծառայության։
Մի շարք ճանապարհահատվածներին ՆԳՆ ենթակա ծառայությունները պարբերաբար իրականացրել են շրջայցեր, սահմանվել են հերթապահություններ՝ անհրաժեշտության դեպքում վարորդներին օգնություն ցուցաբերելու և քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով։
Երկու օրում փրկարարներն ու ոստիկանները արգելափակումից դուրս են բերել 1430 տրանսպորտային միջոց, օգնություն են ցուցաբերել 2889 քաղաքացու։
Համագործակցելով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապարհային դեպարտամենտի, տեղական ինքնակառավարման մարմինների և ճանապարհները սպասարկող ընկերությունների հետ՝ Փրկարար ծառայության և Ոստիկանության ծառայողները աջակցել են նաև ձնամաքրման աշխատանքներին։
Փետրվարի 20-ից 21-ը հանրապետությունում արձանագրվել է 578 ճանապարհատրանսպորտային պատահար, մարմնական վնասվածքներ է ստացել 35 քաղաքացի։ Տեղումների պատճառով արձանագրված ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհեր չկան։
Սիրելի՛ քաղաքացիներ, անվտանգության նկատառումներից ելնելով՝ կոչ ենք անում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, լինել զգոն և խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։