Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կիրակի հայտարարել է, որ Ռուսաստանը գիշերային հարձակման ժամանակ արձակել է ավելի քան 200 անօդաչու թռչող սարք՝ պատերազմի ամենամեծ հարձակումը, գրել է նա X-ում: «Ամեն օր մեր ժողովուրդը դիմակայում է օդային տեռորին»,- ասել է նա։
«Լայնածավալ պատերազմի երրորդ տարեդարձի նախօրեին Ռուսաստանը Ուկրաինայի դեմ արձակել է 267 հարձակողական անօդաչու թռչող սարք՝ ամենամեծ հարձակումը իրանական անօդաչուների գործածմամբ ուկրաինական քաղաքների և գյուղերի վրա հարձակումներ սկսելուց ի վեր»,- ասել է նա։
Ուկրաինայի ՀՕՊ-ը հայտարարել է, որ անօդաչուներից 138-ը խոցվել է, իսկ մյուս 119-ը անհետացել են ռադարներից ՌԷՊ միջոցներով խափանումից հետո։ Նաև նշվել է, որ Ռուսաստանը արձակել է երեք բալիստիկ հրթիռ։ Վնասներ են արձանագրվել Ուկրաինայի հինգ մարզերում։
Մոսկվան ամիսներ շարունակ գրեթե ամեն գիշեր անօդաչուների զանգվածային հարձակումներ է իրականացնում Ուկրաինայի վրա՝ փորձելով հյուծել նրա օդային պաշտպանությունը։
Զելենսկին ասել է, որ անցած շաբաթվա ընթացքում Ռուսաստանը Ուկրաինայի վրա արձակել է ընդհանուր առմամբ գրեթե 1,150 հարձակողական անօդաչու, ավելի քան 1,400 ուղղորդվող օդային ռումբ և տարբեր տեսակի 35 հրթիռ։
«Մեզ անհրաժեշտ է ողջ Եվրոպայի ուժը, Ամերիկայի ուժը, բոլոր նրանց ուժը, ովքեր ձգտում են կայուն խաղաղության»,- գրել է Զելենսկին։
Կիևը և նրա եվրոպական դաշնակիցները անհանգստացած են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ անցյալ շաբաթ Զելենսկուն խիստ քննադատելու, ինչպես նաև Ռիադում առանց Ուկրաինայի ԱՄՆ-ի և Ռուսաստանի պատվիրակությունների հանդիպման կապակցությամբ։