Հանքարդյունաբերության շնորհիվ Սյունիքում միջին աշխատավարձն ամենաբարձրն է

2021-ին Հայաստանում աղքատության մակարդակը նախորդ տարվա համեմատ կես տոկոսով նվազել է՝ կազմելով 26․5 տոկոս։ Ծայրահեղ աղքատ է Հայաստանի բնակչության 1.5%-ը։ 2020-ին այդ ցուցանիշը 0.7% է եղել։ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝  աղքատությունն ավելի բարձր է գյուղական բնակավայրերում՝ 33 տոկոս, մինչդեռ 2021-ի դրությամբ աղքատ է քաղաքաբնակների 21․8 տոկոսը։

Armradio.am-ի հաղորդմամբ՝ եթե 2020-ին աղքատության պարենային կամ  ծայրահեղ գծում գտնվողները  ամսական   23 828 դրամ ծախսողներն էին, ապա 2021-ին ծայրահեղ աղքատ համարվել են այն քաղաքացիները, որոնց ամսական  ծախսերը չեն գերազանցել 26 500 դրամը։ Աղքատության դրամային շեմը  ամսական 48 145 դրամն է։ Վիճակագրության համաձայն՝ աղքատությունն ավելի բարձր է գյուղական բնակավայրերում՝ 33 տոկոս, քաղաքաբնակների շրջանում այս ցուցանիշը 21․8 տոկոս է, Երևանում ավելի ցածր՝ 16 տոկոս։ Գյուղական բնակավայրերում աղքատության մակարդակի նվազման վրա ազդում է հողի սեփականություն ունենալ-չունենալու հանգամանքը։ 2021թ.-ին   հողակտոր չունեցող ընտանիքների շրջանում աղքատության մակարդակը կազմել է  38.1, իսկ հողակտոր ունեցողների շրջանում ՝ 25 տոկոս։ 

Հայաստանում ամենաաղքատ մարզը շարունակում է մնալ Գեղարքունիքը՝ 49 տոկոս ցուցանիշով։ Երկրորդ տեղում Շիրակն է՝ 46․9 տոկոս։ Հենց այս մարզերում է արձանագրվել նաև ծայրահեղ աղքատության ամենաբարձր մակարդակը՝  Գեղարքունիքում և Շիրակում համապատասխանաբար 5.8 և 5.2 %:

Ուշագրավ է, որ Սյունիքում 2021-ին աղքատության մակարդակը կազմել է 2․8 տոկոս։ Սահմանամերձ այս մարզում 2020-ին աղքատությունը 6․1 տոկոս էր։  Սյունիքում  որոշիչ դեր ունի հանքարդյունաբերությունը՝ ասում է տնտեսագետը։ Այստեղ նաև միջին աշխատավարձի ցուցանիշն է ամենաբարձրը՝ ի հաշիվ հանքարդյունաբերությունում աշխատողների։  

Մինչդեռ սահմանամերձ Գեղարքունիքում աղքատությունը շուրջ 12 անգամ ավելի մեծ ծավալներ ունի։

Գեղարքունիքում յուրաքանչյուր երկրորդ բնակիչը աղքատ է։ Իրենք մեկ շնչի հաշվով մոտավորապես սպառում են 26 500 դրամ։ Սա մտահոգիչ թիվ է, աղքատության մակարդակի փոփոխությունների նկատմամբ առավել զգայուն են ծայրահեղ աղքատները։ Նրանք ավելի արագ են արձագանքում։ Հայաստանում յուրաքանչյուր երրորդ քաղաքացին շարունակում է աղքատ  մնալ։

Հայաստանի վարչապետը կարծում է, որ աղքատության հաղթահարման մեկ ճանապարհ կա։

«Մեր գաղափարախոսությունը, իմ համոզմունքը հետևյալն են՝ աղքատությունը հնարավոր է հաղթահարել միայն աշխատանքի միջոցով: Աղքատությունը հաղթահարելու այլ տարբերակ չկա: Մանավանդ հիմա պետք է լրջորեն ուսումնասիրենք սոցիալական քաղաքականության մեր ռազմավարությունը, որովհետև աշխատաշուկայում աշխատուժի դեֆիցիտի խնդիր ունենք»։

Աշխատանքի ու սոցիալական  հարցերի նախարարը հստակեցնում է ՝ այս տարվա երրորդ եռամսյակի տվյալներով՝ Հայաստանում   գործազրկության մակարդակը կազմել է  13 տոկոս, 2021-ին 14․5 տոկոս էր։

«Այս պահին միասնական սոցիալական ծառայության կողմից հավաքվարվել է 3260 փափուր աշխատատեղ։ Բայց ՎԿ տվյալներով՝ 2022թ երկրորդ եռամսյակի տվյալներով՝ 9200 թափուր աշխատատեղ կա։ 50 400 գրանցված գործազուրկ կա, որը 2021թ. համեմատ նվազել է 8000-ով»։

Կառավարությունում կարծում են, որ երկրում աղքատության կառուցվածքը վերլուծելու  և աղքատության հաղթահարման ռազմավարություն մշակելու կարիք կա։  Ակնկալում են նաև, որ նախատեսվող  ծրագրերը նպաստելու են աղքատության մակարդակի նվազմանը և  էական նշանակություն են ունենալու 7 տոկոս աճ ապահովելու համար։ Մինչդեռ   փորձագետները հորդորում են  տնտեսության «դրական շոկից» շատ չոգևորվել ու պատրաստվել տնտեսական աճի դանդաղմանը։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print