Վերին Լարսի անցակետում ռուսական կողմից տրանսպորտային երթևեկությունը սկսել է իրականացվել 12 նոր գոտիներով։ Տեղեկությունը փոխանցում է Sputnik Արմենիան՝ հղում անելով Ռուսաստանի տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունը։
«Տարեվերջին նախատեսվում է գործարկել ևս երկու գոտի` մեծ տրանսպորտային միջոցների համար։ Երթևեկության գոտիների ընդհանուր քանակը կավելանա` հասնելով մինչև 39–ի։ Ըստ նախագծի` հնարավոր կլինի հասնել օրական 2.5 հազար տրանսպորտային միջոցի թողունակության` մինչև 4 հազարի պոտենցիալ հնարավորությամբ», – ասվում է հաղորդագրության մեջ։
Վերին Լարսի արդիականացման հետ կապված` տրանսպորտային միջոցների շարժը ոչ մի օր չի դադարեցվել։ Սա մեծ նշանակություն ունի, քանի որ Վերին Լարսը Վրաստանի հետ միակ սահմանային անցակետն է։
Վերին Լարսի թողունակությունն ըստ անձնագրի` օրական 400 տրանսպորտային միջոց է։ Երկար տարիների ընթացքում փաստացի թողունակությունը մի քանի անգամ գերազանցել է անձնագրային ցուցանիշները։