Արդեն 5 ժամից ավելի է, ինչ 100-ից ավելի տրանսպորտային միջոցներ, այդ թվում՝ բեռնատարներ, չեն կարողանում երթևեկել Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի «Սատանի կամրջից» դեպի Տաթևի վանք տանող ճանապարհահատվածով, որն ամբողջովին պատված է մերկասառույցով։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ՃՈ տեսուչները մեծ դժվարությամբ են կարողանում մեքենաները դուրս բերել մերկասառույց ճանապարհից, ու ճանապարհային ոստիկաններին տեղում օգնում են գյուղացիները։
«Գրեթե ժամը 18։00-ից նշված ճանապարհահատվածի խայտառակ վիճակի մասին տեղեկացրել են ճանապարհը սպասարկող «Ռաֆ Մար» ՍՊԸ-ին, սակայն, կարծես թե, այդ ՍՊԸ-ի աշխատակիցները «ուղտի ականջում քնած լինեն», չեն բարեհաճում կատարեն ճանապարհը մերկասառույցից մաքրելու աշխատանքներ»,-նշվում է հաղորդագրությունում։

