Կառավարությունն այսօր հավանություն տվեց «Հայաստանի և Հունգարիայի կառավարությունների միջև տնտեսական համագործակցության մասին» համաձայնագրին:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այս համաձայնագիրը հնարավորություն է ընձեռում իրավահավասարության և փոխշահավետության հիման վրա երկու երկրների միջև զարգացնել և խորացնել երկարատևտնտեսական հարաբերություններ այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են առևտուրը, դեղագործական արդյունաբերությունը, զբոսաշրջությունը, էներգետիկան, տրանսպորտ և նյութատեխնիկական ապահովում, գյուղատնտեսություն և անտառատնտեսություն, հետազոտություն և նորարարություն, շրջակա միջավայրի պաշտպանություն և ջրային ռեսուրսների կառավարում և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համագործակցության այլ ոլորտներ։
Համաձայնագիրն ուղղված է երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության զարգացմանը, տնտեսական կապերի ընդլայնման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, գործարար ակտիվության բարձրացմանը, երկու երկրների տնտեսական համագործակցության ասպարեզում առկա ներուժի օգտագործմանը:
Համաձայնագրով նախատեսվում է նաև Հայաստանի և Հունգարիայի միջև համատեղ տնտեսական միջկառավարական հանձնաժողովի ստեղծումը: