ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոն հայտարարել է, որ անցյալ շաբաթ Bybit բորսայից մոտ մեկուկես միլիարդ դոլարի կրիպտոարժույթի գողությունը կատարել են Հյուսիսային Կորեայի իշխանությունների հետ կապված հաքերները. գրում է CNN-ը։
ՀԴԲ-ն հաստատել է մամուլի տեղեկությունները, թե պատմության մեջ խոշորագույն կրիպտոարժույթի գողությունը կատարել է Lazarus Group հաքերային խմբավորումը, որը նաև հայտնի է APT38, BlueNoroff եւ Stardust Chollima անուններով: ՀԴԲ-ն այս խմբավորումն անվանում է «TraderTraitor»:
Անցյալ շաբաթվա հաքերային հարձակման արդյունքում գողացվել է մոտ 1,46 մլրդ ԱՄՆ դոլար արժողությամբ արժույթ Ethereum -ով։
Ըստ Bybit-ի, կիբերհարձակման ընթացքում գողացել են մոտավորապես 401 հազար Eth: Դրանից անմիջապես հետո Դուբայում տեղակայված ընկերությունը օգտվողներին տեղեկացրեց, որ իրենց միջոցները վտանգ չեն ներկայացնում, և յուրաքանչյուր ոք, ում դրամապանակները տուժել են հարձակումից, կկարողանա ամբողջությամբ ստանալ իր կրիպտոարժույթը: