Այս տարի սեպտեմբերի 13-14-ն Ադրբեջանը սանձազերծեց ոչնչով չհրահրված ագրեսիա՝ գրավելով Հայաստանի ինքնիշխան տարածքի շուրջ 140 քառ. կմ: Լեհաստանի Լոձ քաղաքում ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովի ընթացքում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Եվրոպական անվտանգության ճարտարապետության համար այս տարին նշանավորվեց հսկայական մարտահրավերներով: Մենք շարունակաբար ականատես էինք լինում մեր հանձնառությունների՝ ներառյալ Հելսինկյան եզրափակիչ ակտի տասը սկզբունքների ոտնահարմանը: Ցավոք, Հարավային Կովկասն այն տարածաշրջաններից մեկն է, որտեղ մենք առերեսվում ենք ուժի և ուժի սպառնալիքի շարունակական կիրառմանը»,-իր ելույթում նշել է ԱԳ նախարարը՝ հավելելով, որ Ադրբեջանը ոչ միայն շարունակում է իր առավելապաշտական ու ռազմատենչ հռետորաբանությունը, այլև՝ ռազմական ագրեսիան Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ։
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից սեպտեմբերին իրականացված ռազմական ագրեսիային՝ Միրզոյանը նշել է, որ այն 2020 թ-ի 9-ի Եռակողմ հայտարարության ստորագրումից ի վեր երրորդ լայնածավալ հարձակումն էր Հայաստանի դեմ:
«Այս ագրեսիայի հետևանքով ունեցանք 233 զոհ, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ, հազարավոր ներքին տեղահանված Հայաստանի քաղաքացիներ, թիրախավորվեցին բնակավայրեր և քաղաքացիական ենթակառուցվածքներ, պատճառվեցին տնտեսական ու բնապահպանական լուրջ վնասներ։ Պատերազմական հանցագործությունների ամենադաժան դրսևորումները, ներառյալ հայ զինվորական կանանց և տղամարդկանց արտադատական սպանությունները և խոշտանգումները, ադրբեջանական ագրեսիայի բնորոշ հատկանիշներն են»,-ընդգծել է նախարարը:
Իր երախտիքի խոսքը հղելով գործընկերներին, ովքեր չեն խուսափում մատնանշել ագրեսորին և բարձրաձայնում են ռազմական հանցագործությունները պատշաճ կերպով հետաքննելու և հանցագործներին պատժելու անհրաժեշտության մասին՝ Միրզոյանը կարևորել է նաև Ադրբեջանի զինված ուժերի ամբողջական դուրսբերումը Հայաստանի ինքնիշխան տարածքներից․ «Նրանց շարունակական ներկայությունը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքներում լուրջ մարտահրավեր է մեր տարածաշրջանում փխրուն խաղաղությանն ու կայունությանը»,-նշել է նախարարը։
Նախարարը նաև անդրադարձել է 2022 թվականի մարտ և օգոստոս ամիսներին Ադրբեջանի շարունակական սադրիչ և ագրեսիվ գործողություններին, որոնք կատարվել են Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ: Միրզոյանը նշել է, որ եռակողմ հայտարարությունների բացահայտ խախտմամբ՝ Ադրբեջանը փաստացի էթնիկ զտումների է ենթարկել ԼՂ ևս մեկ բնակավայր և փորձել խոչընդոտել Լաչինի միջանցքի գործունեությանը, որն ավելի քան 120 հազար մարդու համար «կյանքի ճանապարհ» է։
Միրզոյանը շեշտել է՝ չնայած ադրբեջանական կողմի հաճախակի սադրանքներին, Հայաստանը չի դադարեցրել հարաբերությունների կարգավորման, բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման, սահմանազատման և սահմանային անվտանգության վերաբերյալ բանակցությունները, հավելելով, որ Հայաստանը պատրաստ է ձեռնամուխ լինելու հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը, եթե Ադրբեջանը համաձայնի, որ բոլոր ճանապարհները պետք է լիովին գործեն ՀՀ ինքնիշխանության ներքո։
«ՀՀ պետական սահմանի սահմանազատման գործընթացը չպետք է վերածվի Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ներկայացնելու գործիքի և, ըստ այդմ, պետք է իրականացվի իրավական հիմքեր ունեցող քարտեզների հիման վրա։ Նա վստահ է` Պրահայում և Սոչիում այս տարի ձեռք բերված պայմանավորվածությունները, մասնավորապես ՄԱԿ-ի կանոնադրության և 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատումն իրականացնելու հանձնառությունը կխթանեն այս գործընթացը»,-ասել է Միրզոյանը՝ ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը նույնպես պետք է համակողմանիորեն հասցեագրվի․ «Այս հարցերը մշտապես եղել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջնորդվող խաղաղ գործընթացի հիմքում»,– նշել է Միրզոյանը։
Վերջինս շնորհակալություն է հայտնել ԵՄ–ի և ԵԱՀԿ–ի կողմից տեղում իրավիճակը գնահատելու և վերահսկելու նպատակով տեղակայված առաքելություններին, կարևորել է միջազգային ներկայությունը ՀՀ–ում հատկապես այն պարագայում, երբ Ադրբեջանը քողարկում է Հայաստանի դեմ ուժի կիրառումը։