Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ Վաղարշապատի բնակիչ 28-ամյա մի երիտասարդ գողություն է կատարել Մրգաստան գյուղի մի տնից: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փետրվարի 27-ի երեկոյան Էջմիածնի Բաղրամյան փողոցում երիտասարդը ձերբակալվեց և տեղափոխվեց վարչություն:
Փաստերի ճնշման տակ երիտասարդը խոստովանեց, որ նույն օրը, ժամեր առաջ, օգտվելով տանտերերի բացակայությունից, երկաթե լինգով բացել է տան եվրոպատուհանը, ռետինե ձեռնոցներ հագած մտել և հափշտակել զարդատուփ, որի մեջ եղել են արծաթե զարդեր, ոսկե մատանի և ժամացույց:
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են մետաղե լինգն ու ժամացույցը: Ըստ երիտասարդի` գողոնի մնացած մասը նետել էր ճանապարհին:
Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում, երիտասարդի մատնացույց արած տեղում` Մրգաստան գյուղի փողոցում, զննությամբ հայտնաբերվել է նետած զարդատուփը, որի կողքին ընկած էին երեք մատանի, մեկ թևնոց և երկու ականջօղ: Քննիչի որոշմամբ նա ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: