Ես երբեք չեմ ասել, որ Մարտի 1-ի գործն ամբողջությամբ բացահայտվել է, ես «ամբողջությամբ» բառը չեմ օգտագործել: Բայց ես ուզում եմ ասել՝ կարծում եմ՝ Մարտի 1-ի գործում բացահայտելու հանգամանքներ կան կամ ավելի ճիշտ՝ ոչ թե բացահայտելու, այլ իրավական գնահատականի արժանացնելու և քննելու, հետաքննելու: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Վերջին շրջանում տեղի է ունեցել Քննչական կոմիտեի նոր ղեկավարի նշանակում, նաև Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի մրցույթն է, նաև ժամանակին քննարկել ենք գլխավոր դատախազի թեկնածությունը: Մարտի 1-ի ամբողջական բացահայտմամբ զբաղվելը եղել է և լինելու է այն կարևոր խնդիրներից մեկը, որը ես մեր գործընկներներին առաջադրել եմ:
Հետևաբար, երբ որ ես ասում եմ՝ բացահայտված է, ըստ էության, ի՞նչ է տեղի ունեցել. տեղի է ունեցել բռնի ուժով, բանակի ներգրավմամբ հանցավոր խմբավորումների, ապօրինի զինված խմբավորումների ներգրավմամբ քաղաքացիական բողոքների ճնշում և սպանություններ:
Այս ամեն ինչը պետք է ինչ-որ ձևով ընթացք, իրավական գնահատական ստանա, բայց դա պետք է իրականացնեն իրավապահ մարմինները»,- ասաց նա: