«Վերելք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնը հարցում է արել ՌԴ ԱԳՆ-ից՝ կապված Բաքվում ապօրինի պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ ընթացող կեղծ դատավարությունների վերաբերյալ։
Հարց․ Բաքվում ընթանում է Արցախի նախկին ղեկավարության դատավարությունը՝ մարդու իրավունքների կոպիտ խախտումներով։ Ռուբեն Վարդանյանը որոշել է հացադուլ հայտարարել՝ ի նշան բողոքի։ Գիտենք, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն ու Արցախի նախկին ղեկավարները ՌԴ քաղաքացիներ չեն, սակայն հաշվի առնելով ՌԴ-ի բազմամյա միջնորդությունը հակամարտության կարգավորման գործում, ՌԴ խաղաղապահների համագործակցությունն Արցախի իշխանությունների հետ, կարո՞ղ է Մոսկվան օգնել նրանց ազատ արձակելու հարցում:
Պատասխան․ Նախորդ ճեպազրույցներում մենք արդեն մեկնաբանել ենք թեման։ Ճիշտ նշեցիք, որ այդ անձինք Ռուսաստանի քաղաքացիներ չեն։
Վստահ ենք, որ հայ-ադրբեջանական երկկողմ բանակցությունների օրակարգում հումանիտար հարցերի ընդգրկումը կօգնի Բաքվի և Երևանի միջև վստահության մթնոլորտ ստեղծել։
Մենք, մեր հերթին, հաստատում ենք Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածություններին հավատարմությունը, ներառյալ՝ փախստականների իրավունքների հարգումը, մշակութային, պատմական և կրոնական ժառանգության պահպանումը, ռազմական գործողությունների ընթացքում անհայտ կորածների որոնումը և կալանավորված անձանց փոխանակման խնդիրները լուծելու անհրաժեշտությունը։
Մենք պատրաստ ենք մեր ադրբեջանցի և հայ գործընկերներին տրամադրել անհրաժեշտ օգնությունը։