ՀՀ ղեկավարությունը խոսում է Ղարաբաղի հայերի իրավունքների, ոչ թե կարգավիճակի մասին․ «Հրապարակ»

«Պրահայում կայացած քառակողմ հանդիպման ժամանակ հայկական կողմից Ալմա-Աթայի հռչակագրի հաստատումն առանց վերապահումների լուծում է Ղարաբաղի կարգավիճակի հարցը»,- դեկտեմբերի 1-ին Եվրոպական անվտանգության հարցերին նվիրված մամուլի ասուլիսում ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով «ՌԻԱ նովոստի»-ի թղթակցի հարցին։

«Ալմա-Աթայի հռչակագրում ասվում է, որ բոլոր միութենական հանրապետությունները հաստատում են սահմանների անձեռնմխելիությունը ԽՍՀՄ հանրապետությունների միջեւ գոյություն ունեցող սահմաններում, այլ կերպ ասած՝ այն ժամանակ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը, միանշանակ, Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում էր։ Եվ երբ այն հաստատվեց ե՛ւ Ադրբեջանի, ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ֆրանսիայի, ե՛ւ Միշելի կողմից առանց որեւէ վերապահումների, սա որոշում է այն հարցը, թե ինչպես մոտենալ Ղարաբաղի կարգավիճակին»,- շեշտել է Լավրովը։ Իզուր չէ, որ Հայաստանի ղեկավարությունը վերջին շրջանում ավելի շատ խոսում է Ղարաբաղում հայերի իրավունքների մասին, քան նրանց կարգավիճակի՝ նկատել է ՌԴ գլխավոր դիվանագետն ու հավելել․ «Ադրբեջանը պատրաստ է Ղարաբաղի հայերին երաշխիքներ տալ այն իրավունքների վերաբերյալ, որոնք ունեն Ադրբեջանի մյուս քաղաքացիները»։

Նա հավաստիացրել է, որ Ռուսաստանը շարունակում է նպաստել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը՝ 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ոգուն համահունչ։ Դա վերաբերում է սահմաների դելիմիտացիային եւ դեմարկացիային, տարածաշրջանում տրանսպորտային ուղիների ապաշրջափակմանը եւ այլ ուղղություններին։

Ինչ վերաբերում է լրագրողի այն հարցին, թե որքանով է իրատեսական ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վերականգնումը, Լավրովն ընդգծել է, որ նման անհրաժեշտություն չկա, քանի որ այդ կառույցի մասին այժմ ոչ ոք այլեւս չի հիշում։

«Եվ երբ Հայաստանում որոշ քաղաքական գործիչներ տարակուսում են, թե ինչ եղավ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության հետ, ասեմ, որ այդ կառույցը «հուղարկավորել» են ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան, եւ Ռուսաստանն այստեղ ոչ մի կապ չունի»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print