ՀՀ քաղաքացիները` ի դեմս Կառավարության, ունեն բաժնեմաս Ամուլսարի նախագծում: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին` ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հետազոտության արդյունքում բնապահպանական խնդիրներ են բարձրացվել, այդ բնապահպանական խնդիրներն ավելի համապարփակ ենք ընկալել, այդ խնդիրներին տրվել են համապատասխան պատասխաններ, այդ պատասխանները համարվել են վստահելի, ազդակիր համայնքների համար ձևավորվել են լրացուցիչ մեխանիզմներ, այդ թվում` ֆինանսական մեխանիզմներ, և, հետևաբար, կարծում ենք, որ ծրագրի գործարկումը լավ է և՛ տնտեսական առումով և՛ սոցիալական առումով: Շրջակա միջավայրի և բնապահպանական առումով վերահսկելի է և ստանդարտների մեջ է լինելու, այնպես որ, գնացել ենք երկար ճանապարհով: Ես կարծում եմ, որ ժամանակը տևել է, բայց ժամանակը չի վատնվել. սա բացառիկ դեպքերից է: Ամուլսարի դեպքն այն է, որ գնացել ենք քայլ-քայլ հետևողական հավասարակշռված լսելով, ուշադիր լինելով, մտահոգություններին երկրորդ-երրորդ անգամ անդրադառնալով, ՀՀ պետական շահերը սպասարկելով, Հայաստանի ներդրումային միջավայրի հետ կապված մտահոգությունները սպասարկելով, Հայաստանի քաղաքացիներին բաժնեմասով օժտելով, համայնքներին ֆինանսական կայուն եկամուտներով օժտելով, այնպես որ, Ամուլսարի նախագիծը շատ լավ նախագիծ է՝ ի տարբերություն ԱՆԻՖ-ի»,- նշեց վարչապետը: