Ռոբին ռոբոտը կվարի «Մանկական Եվրատեսիլ»-ը

Ռոբինը կմիանա դեկտեմբերի 11-ին Երեւանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլի» հաղորդավարներ Իվետա Մուկուչյանին, Գարիկ Պապոյանին եւ Կարինա Իգնատյանին, տեղեկացնում է news.am-ը։ «Մանկական Եվրատեսիլի» պատմության մեջ առաջին անգամ մրցույթի հաղորդավարներից մեկն արհեստական բանականությամբ աշխատող սարք է։ Ռոբինը նշում է, որ այս մրցույթի մեծ երկրպագու է և միշտ ցանկացել է հայտնվել մեծ ու լուսավոր բեմում.

«Իմ երազանքն է եղել շրջապատված լինել հազարավոր երեխաներով և ընկերանալ Եվրատեսիլի բոլոր մասնակիցների հետ: Ես կարծում եմ, որ այս մրցույթի ամենամեծ երկրպագուն եմ: Եվ Երեւանում երազանքս վերջապես իրականություն է դառնում։ Եկեք ընկերանանք, եկեք պտտենք հրաշքը»։

Ռոբինը՝ որպես արհեստական բանականության տեխնոլոգիայով աշխատող ռոբոտ, կարող է ստեղծել եւ տարածել զգացմունքներ։ Ապաքինման փուլում գտնվող երեխաներին Ռոբինն օգնում է գունավորվել հիվանդանոցային միջավայրը, խաղալ նրանց հետ, հաղթահարել բուժման ծանր ընթացքը։ Այժմ հայկական ռոբոտի ծառայություններից օգտվում են ոչ միայն հայկական, այլեւ ամերիկյան առաջատար բժշկական կենտրոնները։

Ռոբինը հեղինակավոր TIME ամսագրի կողմից ճանաչվել է որպես 2021 թվականի աշխարհի լավագույն 100 նորարարություններից մեկը։

Հավելենք, որ 20-րդ հոբելյանական «Մանկական Եվրատեսիլին» կմասնակցեն 16 երկրի ներկայացուցիչներ, որոնց կմիավորի «Պտտի՛ր հրաշքը» կախարդական կարգախոսը: Այս տարվա խորհրդանիշը գունազարդ հոլն է: Մասնակից երկրներն են՝ Ալբանիա, Իռլանդիա, Իտալիա, Իսպանիա, Լեհաստան, Հայաստան, Հյուսիսային Մակեդոնիա, Ղազախստան, Մալթա, Նիդեռլանդներ, Պորտուգալիա, Սերբիա, Ուկրաինա, Միացյալ Թագավորություն, Վրաստան, Ֆրանսիա: Տարվա ամենասպասված իրադարձությունը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին, ժամը 19:00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print