Որքան կավելանան օնլայն խաղատների և բուքմեյքերական գործունեության տուրքերը

Հայաստանի Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած՝ ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին 2024 թվականի հունիսի 12-ի ՀՕ-269-Ն օրենքում փոփոխություններ կատարելու մասին և պետական տուրքի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:

Նախագիծն ընդունվեց 58 կողմ, 2 դեմ, 17 ձեռնպահ ձայներով:

Պատգամավորի հեղինակած նախագծերի փաթեթը, որը վերաբերում է խաղային ոլորտի հարկային քաղաքականության վերանայմանը, երկրորդ ընթերցմամբ քննարկման ռեժիմում փոփոխության է ենթարկվել: 

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն այսօրվա իր ելույթում հայտարարեց, առաջարկվող օրենսդրական փոփոխություններով երկու անգամ կավելանան օնլայն խաղատների և բուքմեյքերական գործունեության տուրքերը: Կունենանք տարեկան շուրջ 13 միլիարդ դրամ հավելյալ պետական եկամուտներ: 

Նրա խոսքով՝ 2024-ին օնլայն խաղատների հաշիվներին լիցքավորվել է ավելի քան 811 միլիարդ դրամ: Եթե այդ գումարները մտնեին տնտեսության մեջ, ՀՆԱ-ն կաճեր 10-15 տոկոսով, պետական եկամուտները՝ 7,34 տոկոսով: 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print