Մարտի 6-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է ահազանգ, որ որովայնի շրջանում դանակի հարվածի հետևանքով ստացած մարմնական վնասվածքով «Արտաշատ» բժշկական կենտրոն է դիմել 34-ամյա գյումրեցի մի երիտասարդ։
Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության, Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի և Ռազմական ոստիկանության Արարատի մարզի ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրն Արտաշատում անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ գյումրեցուն դանակով հարվածել է 34-ամյա կապանցի մեկ այլ երիտասարդ:
Կապանցին հայտնաբերվել, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչություն:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։ Ձեռնարկվում են միջոցներ դեպքի հանգամանքները պարզելու և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ: