Փետրվարի 25-ին Կումայրիի բաժնի ծառայողները ստացել էին հավաստի տեղեկություն, որ երկու երիտասարդ «Օպել» մակնիշի մեքենայով շրջում են Գյումրի քաղաքում և կպչուն ժապավենով փաթեթավորված թմրանյութեր տեղադրում:
Հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից։
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ մեկը երևանցի է, մյուսըԱբովյան քաղաքից
երկուսն էլ 22 տարեկան: Ստացվել է նաև տեղեկություն, որ նրանք Ազատանից Ղարիբջանյան գյուղ տանող ճանապարհի հարակից դաշտերում, Գյումրիի օդանավակայանի խճուղու մոտակայքում և Վարդ-Բաղ թաղամաս տանող ճանապարհին տեղադրել են թմրանյութեր և բջջային հեռախոսներով լուսանկարել թաքստոցները:
Նույն օրը, թմրամիջոցներ ապօրինի պահելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով, Վարդ-Բաղ տանող ճանապարհի սկզբնամասում երիտասարդները ձերբակալվել և, «Օպելով» հանդերձ, տեղափոխվել են Կումայրիի բաժին:
Անձնական խուզարկությամբ նրանց մոտ հայտնաբերվել և վերցվել են բջջային հեռախոսները և դեղնականաչավուն զանգվածով մեկական կաթուցիչ:
Երկուսն էլ հայտնել են, որ կարմիր և կապույտ 24 փաթեթներով մարիխուանան ձեռք են բերել «Տելեգրամի» մի կայքէջի միջոցով` որոշակի գումարի դիմաց դրանք Գյումրիի տարբեր հատվածներում տեղադրելու համար:
Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: Երիտասարդներն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն: