Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ Գևորգ Պապոյանն այսօր աշխատանքային այցով եղել է Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, որտեղ ԱԺ պատգամավորներ Արմեն Խաչատրյանի, Նարեկ Ղահրամանյանի և Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ հանդիպել է համայնքի մի շարք գործարարների և տնտեսվարողների հետ։
Նախարարը ներկայացրել է պետական աջակցության շուրջ երկու տասնյակի հասնող ծրագրերը, դրանցից օգտվելու և դիմելու կարգը, ապա առանձին անդրադարձ է կատարել ավանդական գյուղատնտեսությունից ինտենսիվ գյուղատնտեսության անցնելու կարևորությանը, խելացի անասնաշենքերի հիմնմանը, բարաձրարժեք խոշոր և մանր եղջերավոր կենդանիների ձեռքբերմանը, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության այլ ծրագրերի։
Մտքեր են փոխանակվել Գորիսի` որպես զբոսաշրջային քաղաքի զարգացման, Հին Գորիս քարանձավային քաղաքի բարեկարգման և անհրաժեշտ ենթակառուցվածքների ձևավորման, ինչպես նաև այն որպես զբոսաշրջային ուղղություն դիրքավորելու քայլերի վերաբերյալ։
Անդրադարձ է կատարվել հյուրանոցային, ռեստորանային բիզնեսի զարգացմանը, Գորիսում փառատոների և միջոցառումների անցկացմանը։
Քննարկման ընթացքում բնակիչները նախարարին են ուղղել իրենց հուզող հարցերը, որոնք վերաբերել են կաթի արտադրությանն ու մթերումների գներին, հողերի խոշորացմանը, բիզնեսների զագացմանը, ներկայացրել իրենց առաջարկները, լսել նախարարի դիրքորոշումը։
Երկուստեք որոշում է կայացվել հետագա աշխատանքների իրականացման ուղղությամբ առավել սերտ համագործակցելու վերաբերյալ։