Կանադայի իշխանական Լիբերալ կուսակցության նոր առաջնորդ է ընտրվել Մարկ Կարնին։ Նա կփոխարինի երկրի վարչապետ Ջասթին Թրյուդոյին, որը այս տարվա հունվարին հայտարարեց պաշտոնից հեռանալու մտադրության մասին։
Կարնին կուսակցության ղեկավարի պաշտոնի միակ թեկնածուն էր, որը չէր հանդիսանում Թրյուդոյի կառավարության անդամ։ Քվեարկության արդյունքներով նա ստացել է 85,9%։
Մարկ Կարնին նախկինում ղեկավարել է կենտրոնական բանկն ու համակարգել ֆինանսական ճգնաժամերի հաղթահարման միջոցառումները Հյուսիսային Ամերիկայում և Մեծ Բրիտանիայում։
Բացի ընդդիմության հետ սպասվող կոշտ պայքարից առաջիկա համընդհանուր ընտրություններում, նոր վարչապետին նաև դժվար բանակցություններ են սպասվում ԱՄՆ-ի հետ մաքսատուրքերի հարցով՝ Դոնալդ Թրամփի տարածքային հավակնությունների ֆոնին։
Հաղթանակից հետո իր ելույթում Կարնին մեղադրեց Թրամփին Կանադան զավթելու ձգտման մեջ։ Նրա խոսքով՝ այս փորձը պետք է կասեցվի։
«Ամերիկացիներին պետք են մեր ռեսուրսները, մեր ջուրը, մեր հողը, մեր երկիրը,- հայտարարել է նա։ -Եթե նրանց դա հաջողվեր, նրանք կվերացնեին մեր ապրելակերպը»։
«Ամերիկան Կանադա չէ։ Կանադան երբեք չի դառնա Ամերիկայի մաս, ոչ մի կերպ, ոչ մի ձևով»,- հավելել է Կարնին։
Հեռացող վարչապետ Ջասթին Թրյուդոն հուզական ելույթ է ունեցել։ Նա հայտարարել է, որ Կանադան կանգնած է ԱՄՆ-ից բխող «էքզիստենցիալ մարտահրավերի» առջև։ Նա նաև ընդգծել է, որ հպարտանում է իր վարչապետության ընթացքում գրանցած հաջողություններով։
«Թող ոչ ոք սխալ չհասկանա. ես անասելիորեն հպարտանում եմ այն ամենով, ինչ արել ենք վերջին տասը տարում,- ասել է Թրյուդոն՝ հավելելով,- Բայց այսօր խոսքը վերաբերում է մեր ապագային՝ որպես կուսակցություն, որպես երկիր»։