Գերմանիայի օդանավակայաններում գործադուլներ են սկսվել

Երկուշաբթի՝ մարտի 10-ին, 24-ժամյա նախազգուշական գործադուլ է սկսվել Գերմանիայի խոշորագույն օդանավակայաններում։ Գերմանական Ver.di արհմիությունը կոչ է արել օդանավակայանի օպերատորներին, ցամաքային ծառայության աշխատակիցներին և ավիացիոն անվտանգության աշխատակիցներին միանալ բողոքի ակցիային։

Գործադուլը կազդի Բեռլին-Բրանդենբուրգ, Շտուտգարտ, Քյոլն/Բոն, Դյուսելդորֆ, Դորտմունդ, Մյունխեն, Համբուրգ, Մայնի Ֆրանկֆուրտ, Հանովեր, Բրեմեն և Լայպցիգ/Հալլե օդանավակայանների գործունեության վրա:

Գերմանական օդանավակայանների ADV ասոցիացիայի գնահատականների համաձայն՝ Ver.di-ի հայտարարած գործադուլի հետևանքով ավելի քան 3400 չվերթ կչեղարկվի, որից կտուժի շուրջ 510 հազար ուղևոր։ 

Արհմիությունը պահանջում է աշխատավարձի 8%-ով բարձրացում, բայց ամսական 350 եվրոյից ոչ պակաս։ Պահանջների ցանկում նաև հավելավճարներն են ծանր աշխատանքի համար և լրացուցիչ հանգստյան օրերը: Հայտարարության մեջ Ver.di-ն նշել է, որ գործադուլն անհրաժեշտ է «մոտ 25,000 աշխատակիցների աշխատանքային պայմանները բարելավելու համար»:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print