Այսուհետ պարտադիր կլինի թունաքիմիկատ արտադրող երկրի և կազմակերպության գրանցումը

Թունաքիմիկատների Հայաստան ներմուծման պահանջները կխստացվեն, տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիան՝ հղում անելով ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին (ՍԱՏՄ)։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ Նարեկ Հայրապետյանն այսօր հանդիպել է թունաքիմիկատների գրանցմամբ և ներկրմամբ զբաղվող կազմակերպությունների 30-ից ավելի ներկայացուցիչների հետ:

«ՍԱՏՄ ղեկավարի հրամանով՝ այսուհետ պարտադիր կլինի թունաքիմիկատն արտադրող երկրի և արտադրող կազմակերպության գրանցումը՝ բացառելով նույն ցուցանիշներով, սակայն այլ երկրների և արտադրողների արտադրած թունաքիմիկատների մուտքը երկիր: Ազդող նյութի լաբորատոր ստուգման ընթացակարգը կմնա նույնը»,–ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ այս փոփոխությամբ թունաքիմիկատների գրանցման համար սահմանվել է ժամկետ՝ 26 աշխատանքային օր, որի ընթացքում կկազմակեպվեն գրանցման հայտը ստանալուց մինչև բուն գրանցման ու գրանցման վկայականի հանձնման գործընթացները:

Հավելենք, որ կազմակերպությունների ներկայացուցիչները հանդես են եկել առաջարկություններով։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print