Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Հայաստանի մոտեցումը կարգավորման գործընթացի մեկնարկից մինչ այս պահը չի փոխվել. Հայաստանն ամբողջովին պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ թուրքական NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին ասել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ բանագնաց, ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
«Ակնկալում ենք Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորում, որը ներառում է դիվանագիտական հարաբերությունների հաստատում և Հայաստանի ցամաքային սահմանի ապաբլոկավորում։ Հայաստանը պատրաստ է սրան առանց որևէ նախապայմանի։ Հայաստանը պատրաստ է ամբողջական կարգավորման, և եթե Թուրքիան էլ նման քաղաքական կամք ունենա, այս ամենը շատ արագ կիրականանա։ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ սահմանի բացմանը և սպասում է Թուրքիայի քայլին»,- ասել է Ռուբինյանը։
Նա նաև նշել է, որ չկա որևէ պատճառ, որ Հայաստանն ու Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ չունենան, և երկրների սահմանները բաց չլինեն։
Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է, որ մինչև այսօր երկու երկրների միջև ամենակարևոր պայմանավորվածությունը եղել է սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար բացելը, որը ձեռք է բերվել 2022 թվականին։ «Մեր կողմում Մարգարա անցակետը վերանորոգվել է և պատրաստ է։ Ակնկալում ենք, որ մեր թուրք գործընկերները կատարեն պայմանավորվածությունը»,- ասել է Ռուբինյանը՝ հիշեցնելով, որ Հայաստանն ու Թուրքիան նաև պայմանավորվել են վերակառուցել հայ-թուրքական սահմանին գտնվող պատմական կամուրջը։
Թուրքական հեռուստաալիքը Ռուբեն Ռուբինյանի հետ հարցազրույցն անցկացրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից կազմակերպված մեդիատուրի շրջանակներում։ Մեդիատուրի շրջանակներում թուրքական ԶԼՄ-ների ներկայացուցիչները հարցազրույց են անցկացրել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հանդիպումներ ունեցել այլ պաշտոնյաների, ինչպես նաև փորձագետների հետ։