Հեղուկ նիկոտին պարունակող էլեկտրոնային ծխախոտները 2023-ի մարտից կհարկվեն մնացած ծխախոտային արտադրանքների նման՝ ակցիզային հարկով։
Sputnik Արմենիայի փոխանցմամբ՝ այս մասին այսօր ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում հայտնել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը։
«Այս արտադրատեսակը փոխարինում է ավանդական ծխախոտային արտադրատեակին և շուկայում արդեն բավական մեծ մասնաբաժին ունի, և, ինչպես ծխախոտային այլ արտադրանքները, ենթադրում է վնասակար սպառում»,– ասաց Պողոսյանը՝ ներկայացնելով հարկային օրենսգրքում կառավարության առաջարկած փոփոխությունների նախագիծը։
Պողոսյանի խոսքով կառավարությունն առաջարկում է արտոնյալ ժամկետ սահմանել` արդեն ներկրված ապրանքն առանց ակցիզի իրացնելու համար, քանզի հայաստանյան շուկայում արդեն իսկ առկա է որոշակի խմբաքանակ, որ ներմուծվել է մինչ ակցիզային հարկի կիրառումը։ Արտադրողների ու ներմուծողների համար օրենքն ընդունվելու դեպքում ուժի մեջ կտնի մարտի 1-ից, իսկ վերավաճառողների համար` ապրիլի 1-ից։
Ակցիզային հարկը կկազմի նիկոտինի 1 մլ–ի դիմաց 55 դրամ։
Հավելենք, որ օրենքի փոփոխության նախագիծն ԱԺ–ում առաջին ընթերցմամբ արդեն ընդունվել է։ Առաջին ընթերցումից հետո կառավարությունը որոշակի փոփոխություններ է կատարել, մասնավորապես` վերանայել է օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետները։
Երկրորդ ընթերցմամբ նախագիծը խորհրդարանում կքննարկվի մինչև տարեվերջ։