Սիրելի ժողովուրդ, նախորդ օրերին երկուական առանձին հանդիպումներ եմ ունեցել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների հարցազրույցի փուլը անցած բոլոր երեք թեկնածուների՝ Պետրոս Մարտիրոսյանի, Արթուր Նահապետյանի, Գևորգ Քոչարյանի հետ։ Այդ մասին ասված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ֆեյսբուքի էջում:
«Քննարկումների արդյունքում որոշում եմ կայացրել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակելու համար Կառավարությանն առաջարկել Արթուր Նահապետյանի թեկնածությունը, ով թե՛ հանրագումարով, թե՛ բարեվարքությամբ առավելագույն միավորներն է հավաքել մրցութային փուլում։
Նաև՝ շնորհակալություն եմ հայտնում Պետրոս Մարտիրոսյանին և Գևորգ Քոչարյանին արդյունավետ և օգտակար քննարկումների համար»,- նշված է գրառման մեջ։
նշենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մրցույթի անցողիկ շեմը հաղթահարեց ընտրապայքարի մասնակից 3 թեկնածու՝ Արթուր Նահապետյանը, Պետրոս Մարտիրոսյանը և Գևորգ Քոչարյանը։
Կառավարության հավանությանն արժանացած թեկնածուն էլ կնշանակվի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ։
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար այս անգամ՝ ի տարբերություն նախորդի, որի ժամանակ թեկնածուն մեկն էր, դիմել է 5 թեկնածու՝ փաստաբան Կարեն Բատիկյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի քննչական երրորդ վարչության ՀԿԳ ավագ քննիչ Արտաշես Մաիլյանը, Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը, Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Նահապետյանը և Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով ավագ դատախազ Գևորգ Քոչարյանը: