Անհրաժեշտ է ստորագրել Հայաստանին օգնություն տրամադրելու միջոցառումների մասին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը։ Ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Մոսկվայում կայացած ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստի ընթացքում։
Զասը հիշեցրել է, որ պետությունների ղեկավարների հանձնարարությամբ Հայաստանում մշակվել է դիտորդական առաքելություն՝ գլխավոր քարտուղարի և ՀԱՊԿ օպերատիվ շտաբի ղեկավարի գլխավորությամբ։ Այս աշխատանքի արդյունքում պատրաստվել է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծ Հայաստանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին, որը քննարկվել է խորհրդի նոյեմբերի 23-ի նիստում։
«ՀԱՊԿ երկրների տարբեր դիրքորոշումների պատճառով հնարավոր չեղավ ընդունել այս նախագիծը։ Հուսով եմ, որ որոշակի վերանայումից հետո կհասնենք դրա ստորագրմանը և այդ միջոցների ընդունմանը։ Վստահ եմ, որ դա անհրաժեշտ է, այդ թվում՝ Հայաստանի համար»,- ասել է գլխավոր քարտուղարը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին Երևանում կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել էր ստորագրել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին փաստաթղթերը՝ նշելով, որ նախագիծը բավականաչափ վերջնական տեսքի չի բերվել։