ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ հանձնաժողովի աշխատանքները ոչ ոք չի դադարեցրել. Օվերչուկ

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների մակարդակով եռակողմ հանձնաժողովի աշխատանքը ոչ ոք չի դադարեցրել, թեև այս փուլում այն գտնվում է «քնած» վիճակում։ Հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ պատասխանելով հարցին, թե, հաշվի առնելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը սկսել են ուղիղ շփվել միմյանց հետ, արդյոք կլուծարվի՞ եռակողմ աշխատանքային խումբը։

«Նախ, շատ լավ է, որ ուղիղ շփում է ընթանում, դա շատ կարևոր է։ Ինչ վերաբերում է փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբին, ապա այն ստեղծվել է ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի պետությունների ղեկավարների համատեղ հայտարարությամբ… Ըստ էության, հիմա այն գտնվում է «քնած» վիճակում, դա կարելի է արձանագրել, բայց մենք գիտենք, որ գործընկերների միջև այդ թեմայով շփումներն կան», — ասել է Օվերչուկը։

Նրա խոսքով՝ հանձնաժողովը ոչ ոք չի փակել, և «եթե գործընկերները դիմեն մեզ, ու մենք ինչ-որ կերպ կարող ենք օգտակար լինել, իսկ մենք կարող ենք օգտակար լինել, ապա, իհարկե, հաճույքով կշարունակենք այդ աշխատանքը»:

Ընդ որում, նա հստակեցրել է, որ եռակողմ հանձնաժողովի գործունեության վերականգնման հարցը կախված է գործընկերներից։

2021 թվականի հունվարին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պայմանավորվել էին երեք երկրների փոխվարչապետների մակարդակով աշխատանքային խումբ ստեղծել։ Աշխատանքային խմբի հիմնական նպատակը տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի հաստատումն է: Ռուսաստանի կողմից խմբի նախագահը Օվերչուկն է։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print