Հարավային Կովկասում «3+3» պլատֆորմի հանդիպում է նախապատրաստվում, ժամկետներն ու օրակարգն են համաձայնեցնում: Այս մասին հայտարարել Է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Ադրբեջանի գործընկերոջ հետ ունեցած բանակցություններին հաջորդած ասուլիսի ընթացքում, տեղեկացնում է Sputnik Արմենիան:
«Մենք խոսել ենք նաև «3+3» խորհրդատվական-տարածաշրջանային պլատֆորմի գործունեության մասին՝ նկատի ունենալով հարավկովկասյան երեք հանրապետությունները և նրանց երեք հարևանները` Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան։ Դա ժամանակին Ադրբեջանի նախագահի նախաձեռնությունն էր, տեղի ունեցավ առաջին հանդիպումը։ Այժմ մենք պատրաստվում ենք հերթական նման հանդիպմանը, համաձայնեցնում ենք կոնկրետ ժամկետներն ու օրակարգը»,–ասել է Լավրովը։
Միաժամանակ, Լավրովը նշել է, որ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած համաձայնագրերը ամուր հիմք են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման համար։
Նրա խոսքով` Բայրամովի հետ մանրամասն քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորման հարցերի ամբողջ համալիրը՝ այն եռակողմ փաստաթղթերի համաձայն, որոնք երեք երկրների ղեկավարները ստորագրել են 2020 թվականի նոյեմբերից սկսած. «Այդ փաստաթղթերը, մեր համոզմամբ, մնում են ամուր և հուսալի հիմք բոլոր հարցերի լիարժեք կարգավորման համար, ներառյալ տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը և խաղաղության պայմանագրի կնքման վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածությունների ձեռք բերելը»։
Լավրովը հավելել է, որ այդ բոլոր հարցերով ՌԴ-ն պատրաստ է կողմերին աջակցություն ցուցաբերել։