Քաջարանում հանրային երկու քննարկում անցկացվեց, որոնց մասնակցում էին շրջակա միջավայրի նախարարության, կոմբինատի ղեկավարության, բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Քաջարանի բնակիչներ: Հարցուպատասխանի կենտրոնում ԶՊՄԿ-ի արդիականացման երկու խոշոր ծրագրերն էին: Նախատեսվում է կառուցել հանքարդյունաբերության մեջ պահանջված մասնակի շրջանառու ջրամատակարարման նոր համակարգ, մեկ բառով` խտացուցիչ: Այն թույլ կտա խնայել բնությունից վերցվող ջրի քանակը` կառավարելով տեխնիկական ջրի պաշարները: Կոմբինատի հաջորդ ծրագիրը վերաբերում է բնապահպանական ռիսկերի կրճատմանը: Այդ նպատակով կկառուցվի ամբողջովին նոր ու համեմատաբար մեծ տրամագծով պոչատար խողովակաշար:
