Մարտի 24-ին կապանյան բեմը գերեց Երևանի կամերային թատրոնի «Ազնավուր» ներկայացումը։ Հանդիսատեսը հնարավորություն ունեցավ վայելելու մեծ շանսոնյեի 100-ամյակին նվիրված գեղեցիկ բեմադրությունը, որը ֆրանսիական, բայց միևնույն ժամանակ հայկական շնչով վարակեց բոլորին։
Բեմում մեծ հայի կյանքն էր՝ հիասթափություններով, հաջողություններով, սիրո տարբեր դրսևորումներով։ Այն հաճելի հիշողություններ և ակնթարթներ պարգևեց ներկաներին։ Ամենավերջում կապանցի հանդիսատեսը ջերմ ծափահարություններով ասաց, որ երկար էր սպասել նման ներկայացման։
Հիշեցնենք, որ Կապանում այս օրերին առաջին անգամ մեկնարկել է կամերային ներկայացումների փառատոն, որը նվիրված է թատրոնի 90-ամյակին։ Սկիզբը ազդարարվել է մարտի 20-ին, մինչև 26-ը հանրապետության տարբեր թատրոններ հանդես կգան կապանյան բեմում։ Մարտի 27-ին տեղի կունենա փառատոնի փակման և «Արտավազդ-2025» մրցանակաբաշխության արարողությունը։ Միջոցառման հովանավորն է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։


