Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագիրը բեկումնային կլինի․ այս մասին Աստանայում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Երկար բանակցություններից հետո եկել է համաձայնագիրը ստորագրելու և Հվ․ Կովկասում խաղաղության հաստատման ու տնտեսական հնարավորությունների բացման ուղղությամբ առաջ շարժվելու ժամանակը»․ ընդգծել է նա:
Ղազախստանի ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են տարածաշրջանային կարևոր հարցեր: Միրզոյանը Մուրատ Նուրթլեուին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումները:
«Հայաստանի դիրքորոշումը հստակ է՝ երկու պետությունների տարածքային ամբողջականության ճանաչում և սահմանազատման գործընթացի անցկացում Ալմա-Աթայի հռչակագրի դրույթի հիման վրա։ Ակնհայտ է, որ կարևոր է նաև մարդասիրական հարցերի լուծումը, այդ թվում՝ անհետ կորածների ճակատագրերի պարզումը և ռազմագերիների ու պահվող անձանց ազատ արձակումը», — նշել է Միրզոյանը:
«Մենք գնահատում ենք Ղազախստանի ԱԳ նախարարության հայտարարությունը՝ կապված Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի հետ», — հավելել է Միրզոյանը: