ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն այցելել է Սյունիքի մարզ. այս մասին հայտնում են ԱՄՆ դեսպանատնից։
«ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփեց իր այցը Սյունիքի մարզ, որտեղ նա ընդգծեց ԱՄՆ շարունակական աջակցությունը խաղաղությանը, ընդհանուր տնտեսական բարգավաճման ապահովմանն ու մշակութային ժառանգության պահպանությանը։
Մարտի 25-26-ին Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում դեսպան Քվինը մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի և տեղացիների հետ քննարկեց տնտեսական և մարզային նշանակության հարցեր։ Սյունիքի ճանապարհին՝ Արարատի մարզում, դեսպանն այցելեց նորաբաց «Ջի Թի Բի Սթիլ» գործարան, որը հանդիսանում է խոշոր ամերիկյան ներդրում Հայաստանում և որի գործունեությունը երկուստեք շահեկան է մեր երկրների համար։ Սյունիքի մարզում նա այցելեց «Կոնտուր Գլոբալ հիդրոկասկադ», որը մեկ այլ խոշոր ամերիկյան ներդրում է Հայաստանում։
Դեսպան Քվինը նաև այցելեց Սուրբ Հռիփսիմեի պատմական եկեղեցին, որտեղ ընդգծեց ամենուր Հայաստանի մշակութային ու կրոնական ժառանգությունն պահպանելու կարևորությունը։ Գորիսում դեսպանը հանդիպեց Եվրամիության դիտորդական առաքելության ներկայացուցիչներին՝ անվտանգային իրավիճակի մասին հստակ գնահատականներ լսելու համար։
Այցի ընթացքում դեսպան Քվինը նաև զրուցեց համայնքային առաջնորդների, բնակիչների հետ՝ վերահաստատելով ԱՄՆ աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականության ու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը»։


