Ադրբեջանում չեն հայտարարել, որ Հայաստանի կողմից երկրորդ անգամ արված առաջարկները խաղաղության պայմանագրի մասին, ընդունելի չեն։ Այս մասին ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը ԱԺ–ում ԵԱՀԿ ԽՎ հայաստանյան պատվիրակության անդամների ասուլիսի ժամանակ, հայտնում է Sputnik Արմենիան
«Առաջարկը, որը ստացել ենք մենք, հնարավոր փաստաթղթի մշակման գործնական ընթացք է։ Այսինքն` ի սկզբանե ադրբեջանական կողմից մենք առաջարկներ էինք ստացել, ինչին ի պատասխան նույն առաջարկների շուրջ մեր լրացված տարբերակն ենք ուղարկել` մեր առաջարկները։ Վերջին շրջանում որևէ նման հայտարարություն, որ չեն ընդունում մեր առաջարկները, չի եղել»,–ասաց Աղաջանյանը։
Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմից խաղաղության բանակցությունների երրորդ փաթեթին կողմ կամ դեմ լինելուն, ապա Աղաջանյանը նշեց` քանի դեռ տեքստն աշխատանքային փուլում է, որևէ դիրքորոշում` այն ընդունելի է, թե ոչ, վաղ է ասել։ Նա միայն հիշեցրեց, որ խոսքը գնում է նույն փաստաթղթային հիմքի շուրջ աշխատանքների մասին։
Ավելի վաղ Էդուարդ Աղաջանյանը նշել էր, որ Հայաստանն Ադրբեջանից առաջարկներ է ստացել խաղաղության պայմանագրի վերաբերյալ. Երևանն ու Բաքուն սկսում են բանակցային գործընթացի երրորդ փուլը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսում հայտարարել էր, թե ադրբեջանական կողմը մեկնաբանությունների երրորդ փաթեթն արդեն ներկայացրել է հայկական կողմին, և հնարավոր է մինչև ընթացիկ տարվա վերջ անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների երրորդ փուլը