Մարտի 27-ին` Թատրոնի միջազգային օրը, առաջին անգամ Երևանից դուրս` Կապանում, տեղի ունեցավ «Արտավազդ-2025» մրցանակաբաշխությունը, որին նախորդեց Կապանի կամերային ներկայացումների փառատոնը։ Փառատոնի շրջանակում Կապանի բեմը գրավեցին հանրապետության տարբեր թատրոններից ընտրված ներկայացումներ։ Միջոցառման հովանավորն է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։
Մրցանակաբաշխության բուն արարողությունից առաջ Կապանի թատրոնից բարեխիղճ ծառայության համար ոսկե մեդալներ շնորհվեցին Արթուր Գաբրիելյանին, աշխատակից Սլավիկ Ոսկանյանին, հաշվապահ Անուշ Ավանեսյանին։
Դիպլոմ շնորհվեց Տիգրան Ղուկասյանին, Քրիստինե Սլոյանին։
Դեբյուտների համար դիպլոմներ հանձնվեցին տարբեր դերասանների։
Սյունիքի փոխմարզպետ Հայկ Հարությունյանը շնորհավորեց Թատրոնի միջազգային օրվա առթիվ` կարևորելով թատրոնի դերը մարդկանց կյանքում։
Սյունիքի մարզպետի կողմից շնորհակալագրեր տրվեցին փառատոնի մասնակից թատրոններին, Կապանի պետթատրոնի դերասաններին։
Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար թատերական գործիչների միության «Արտավազդ» մրցանակ շնորհվեց Կապանի պետթատրոնի դերասաններ Նատալյա Բաղդասարյանին եւ Արտավազդ Գրիգորյանին։
«Մեծ Արտավազդը» ստացավ Կապանի պետթատրոնի տնօրեն Տիգրան Աթայանը։
Հատուկ Արտավազդ մրցանակ շնորհվեց Արմմոնո փառատոնին ներկայացված «Սասունցի Դավիթ» մոնոներկայացման դերակատար Արմեն Քուշկյանին, ինչպես նաեւ Թբիլիսիի թատրոնին, Գյումրու դրամատիկական թատրոնի դերասան Արինա Արարատյանին։
Մրցանակ ստացավ նաեւ Կամերային թատրոնի «Ազնավուր» ներկայացման դերակատար, դերասան Ներսես Մարկոսյանը։