Բուքինգհեմյան պալատից հայտնել են, որ թագավոր Չարլզը եղել է հիվանդանոցում քաղցկեղի բուժման ընթացքում առաջացած «ժամանակավոր կողմնակի ազդեցությունների» պատճառով։
76-ամյա թագավորը հինգշաբթի առավոտյան ենթարկվել է պլանային բուժման, ինչի հետևանքով անհրաժեշտ է եղել նաև «կարճ ժամանակով հիվանդանոցում մնալ՝ դիտարկման նպատակով»։
«Նորին մեծության կեսօրվա հանդիպումները հետաձգվել են»,- հայտնել է պալատի խոսնակը։
The Guardian-ը գրում է, որ թագուհին նրան հիվանդանոց չի ուղեկցել։ Սակայն Քլարենս Հաուս տուն վերադառնալուց հետո թագավորը լավ տրամադրություն է ունեցել և, ըստ տեղեկությունների, զբաղվել է պետական գործերով՝ աշխատելով փաստաթղթերի վրա և կատարելով հեռախոսազանգեր իր աշխատասենյակից։