Մշակութային վերջին զանգի կազմակերպումը խրախուսվելու է. Արաքսիա Սվաջյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է «Կամուրջ կրթության և մշակույթի միջև» խորագրով համահայկական ուսուցչական առցանց համաժողովին, որն անցկացրել է ԿԳՄՍ նախարարությունը։ Համաժողովում քննարկվել են մշակութային կրթության տարվա շրջանակում իրականացված կրթամշակութային ծրագրերը։

Նախարարության կողմից նախապես հայտարարված համաժողովին առցանց տարբերակով մասնակցել է ավելի քան հազար ուսուցիչ:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ ողջունելով ուսուցչական համաժողովի մասնակիցներին՝ Արաքսիա Սվաջյանը շնորհակալություն է հայտնել հետաքրքրության համար՝ նշելով, որ ԿԳՄՍ նախարարությունը 2024-2025 ուսումնական տարին հայտարարել է Մշակութային կրթության տարի։ Այս ընթացքում իրականացվել են մի շարք միջոցառումներ, ծրագրեր և մշակութային նախագծեր՝ տարբեր ձևաչափերով: Նախարարի տեղակալի խոսքով՝ նպատակը մշակութային կրթության խրախուսումն է:

«Դժվար է գտնել այն բաժանման գիծը, որտեղ կրթությունն ու մշակույթը հնարավոր կլինի առանձնացնել: Վստահ եմ՝ համաժողովի շրջանակում հնարավորություն կունենաք ծանոթանալու այս ընթացքում արձանագրված հաջողություններին և ստեղծված հնարավորություններին»,- ասել է Արաքսիա Սվաջյանը։ Նա, մասնավորապես, անդրադարձել  է դպրոցական բաժանորդային համակարգին՝ նշելով, որ այս տարի այն առավել լայն ծավալներով է իրականացվել:

ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ ծրագիրը նպաստում է սովորողների համար կրթական գործընթացն ավելի հետաքրքիր դարձնելուն՝ նպաստելով մշակույթի միջոցով գիտելիքների վերարժևորմանը։

Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է նաև ավարտական դասարաններում նախատեսվող «Վերջին դաս» միջոցառմանը․ ակնկալվում է, որ ավանդական վերջին զանգի միջոցառումներն այս տարի կկազմակերպվեն մշակութային բովանդակությամբ: Մշակութային վերջին զանգի կազմակերպումը խրախուսելու նպատակով նախարարության կողմից նախատեսվում է նաև մրցույթի անցկացում։ Երևանում և մարզերում արդեն ձևավորված համապատասխան հանձնաժողովները, ուսումնասիրելով ներկայացված հայտերը, կընտրեն լավագույն միջոցառումները կազմակերպած դպրոցներին, որոնք էլ կպարգևատրվեն: Մրցույթին դպրոցի մասնակցությունը կամավորության սկզբունքով է:

«Իհարկե, հաղթող ճանաչելու գործընթացը պայմանական է, քանի որ իրականում մեր նպատակն է խթանել, որ «Վերջին դասն» իրապես դառնա առավել երեխայակենտրոն։ Միջոցառումը պետք է ապահովի երեխաների առավել մեծ մասնակցություն և պարունակի մշակութային շեշտադրումներ»,- ասել է Արաքսիա Սվաջյանը՝  տեղեկացնելով, որ նախարարությունը մշակել է նաև մշակութային վերջին զանգի կազմակերպման ուղեցույց:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը նաև տեղեկացրել է՝ ուսումնական տարվա ավարտին ևս մեկ ուսուցչական համաժողով է կազմակերպվելու, որի շրջանակում ամփոփվելու են նոր չափորոշչի ներդրման, ինչպես նաև մշակութային կրթության տարվա շրջանակում իրականացված աշխատանքները։

ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը ևս ողջունել է համաժողովի մասնակիցներին և ընդգծել՝ հանրակրթության պետական նոր չափորոշչով անցում է արվում կարողունակությունների ձևավորմանը միտված կրթության, որտեղ կարևոր են թե՛ գիտելիքը, թե՛ հմտությունը, թե՛ արժեքներն ու դիրքորոշումները:

«Մշակույթն ու արվեստն այդ կարողություններում կարմիր թելով անցնում են ողջ ուսումնառության ընթացքում: ԿԶՆԱԿ-ն ակտիվ տարածում է դպրոցներում կուտակված դրական փորձը, իսկ այս աշխատաժողովը ևս մեկ հարթակ է այդ փորձի տարածման համար»,- ասել է Արտաշես Թորոսյանը:

Համաժողովին մասնակցել են նաև Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի թանգարանի տնօրեն Ալվարդ Գրիգորյանը։ Նրանք հանդես են եկել «Մշակույթի դերը ժամանակակից կրթության մեջ և ինչպես այն ինտեգրել կրթական ծրագրերում» խորագրով պլենար զեկույցներով: Բանախոսները կարևորել են նմանօրինակ քննարկումը՝ մշակութային կրթության հիմնահարցերն ու պետության կողմից գործադրված ջանքերն արժևորելու տեսանկյունից:

«Այս առանցքում շատ է կարևորվում կոնկրետ մշակութային կազմակերպությունների և դպրոցների կապը, որն ավելի շատ ուղղված է հանրակրթական խնդրի համալիր, այլ ոչ թե հատվածային լուծմանը: Ընդհանուր հանրային արժեհամակարգի տեսանկյունից սա շատ կարևոր  սկզբունք է»,- ասել է Դավիթ Պողոսյանը:

Հայաստանի պատմության թանգարանի տնօրենը նշել է՝ վերջին ամիսներին թանգարանում գրանցվել են ռեկորդային այցելություններ հենց դպրոցական բաժանորդային ծրագրի շրջանակում: Մասնավորապես՝ 2-3 ամսվա ընթացքում ավելի քան 14 հազար դպրոցականներ են այցելել Հայաստանի պատմության թանգարան, որը ռեկորդային ցուցանիշ է առհասարակ թանգարանային այցելությունների առումով:  Այս համատեքստում Դավիթ Պողոսյանն ընդգծել է նաև այցելությունների արդյունավետության և գործընթացն առավել նպատակային դարձնելու հարցը:

Համաժողովի  ընթացքում կարևորվել է դպրոցներում մշակութային նախագծերի իրականացումը․ մասնավորապես՝ քննարկվել են, ուսուցիչների մասնագիտական զարգացմանն ու առաջնորդությանը, ուսուցչական համայնքների ձևավորմանն ու փորձի փոխանակմանը վերաբերող  հարցեր:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print