Մարտի 26-ին Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Քարահունջ գյուղի 55-ամյա մի բնակիչ տանը պահում է զենք-զինամթերք և թմրամիջոց:
Համայնքային ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողների հետ ձեռնարկած միջոցառումների արդյունքում 55-ամյա տղամարդը խոստովանել է, որ ունի և՛ մարիխուանա, և՛ զենք-զինամթերք, որոնք պատրաստ է ներկայացնել:
Զննությամբ նրա տանը հայտնաբերվել է ողորկափող որսորդական հրացան, «Ֆ-1» տեսակի նռնակ ու պայթուցիչ, տարբեր տրամաչափի 218 փամփուշտ, ինքնաձիգի և գնդացրի երեք պահունակ, նաև` 52,18 գրամ մարիխուանայի նմանվող զանգված:
Արարատի մարզի քրեական ոստիկանները մարտի 26-ին օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ «Խոսրովի» պետական արգելոցի ուղեկալներից մեկում «Նիվա» ավտոմեքենայի վարորդը ինքնաձիգ է թողել:
Քրեական ոստիկանները մեկնել են նշված վայր: Աշխատակիցները հաստատել են, որ «Նիվայի» վարորդը ուղեկալում թողել է ինքնաձիգ, որը պատրաստ են ներկայացնել:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ինքնաձիգը պատկանում է «ՎԱԶ-2121»-ի 42-ամյա ուղևորին:
42-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր, իսկ «ՎԱԶ-2121»-ը` տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք:
Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում մարտի 26-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիր քաղաքի բնակիչ 25-ամյա երիտասարդը Չարենցի փողոցում գտնվող իր ավտոտնակում ապօրինի պահում է ատրճանակ:
Նա ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժին: Անձնական խուզարկությամբ 25-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ:
Երեք դեպքով էլ կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: