Այսօր՝ ապրիլի 3-ին, Կառավարության նիստի ընթացքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնեց, որ դպրոցների տնօրենների համար սահմանվել են բովանդակային նոր պահանջներ, ներդրվել է տնօրենների նշանակման եռափուլ համակարգ:
«Տնօրենների նշանակման եռափուլ համակարգի շրջանակներում հավակնորդներն անցնում են հավաստագրման գործընթացով, այնուհետև ներկայացնում են զարգացման ծրագիր կոնկրետ հաստատության համար, որտեղ որ ցանկություն ունեն տնօրեն աշխատել, զարգացման ծրագիրն անցնում է անկախ փորձաքննություն մրցույթով ընտրված կազմակերպության կողմից: Եվ վերջին փուլում հավակնորդը մասնակցում է հարցազրույցի՝ նախարարության և լիազոր մարմինների համատեղ հանձնաժողովում»,- ասաց նախարարը:
Ժաննա Անդրեասյանը նշեց, որ 2023 թ.-ից մեկնարկած այս գործընթացն ի հայտ է բերել բազմաթիվ խնդիրներ դաշտում։ Այս պահին արդեն 437 դպրոց կամ պետական դպորցների շուրջ 32-ն անցել են կառավարման նոր ձևաչափի, որոնցից տնօրեններ են նշանակվել 138 դպրոցներում:
«Զարգացման ծրագրերի փորձաքննության գործընթացը դրական հաղթահարում է հավակնորդների շուրջ 12 տոկոսը, հարցազրույցի փուլը դրական է հաղթահարում նախորդ փուլը դրական հաղթահարածների շուրջ 38 տոկոսը, ինչը վկայում է ոլորտում կարողությունների զարգացման լուրջ խնդիրների մասին:
Հաշվի առնելով այս հանգամանքը՝ նախորդ տարեվերջին հանրակրթության մասին օրենքում իրականացվեցին փոփոխություններ, որոնք հնարավորություն են տալիս տնօրեն գործուղել այն հաստատություններ, որոնք տևական ժամանակ տնօրեն չեն ունենում հավակնորդների բացակայության կամ դրական արդյունք չունենալու պարագայում»,- ասաց նա: