Ուժեղ երկրաշարժերի հավանականությունը քիչ է․ Սոս Մարգարյան

ՀՀ–ում ուժեղ կամ աղետալի հնարավոր երկրաշարժերի մասով անհանգստանալու պատճառ չկա։ Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան այս հայտարարությունն արեց ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ–ի տնօրեն Սոս Մարգարյանը։

Վերջինիս խոսքով` երկրակեղևում տեղի ունեցող փոփոխությունները 24–ժամյա ռեժիմով ուսումնասիրվում են։

«Այս պահին մեծ անհանգստությունների պատճառ չկա, խոսքն ուժեղ երկրաշարժերի մասին է, իսկ միջին կամ թույլ երկրաշարժերը ամենօրյա իրադարձություններ են։ Ուժեղ ասելով` նկատի ունեմ 5.5 և ավելի մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժերը»,– նշեց Մարգարյանը։

Մարգարյանն անդրադարձավ նաև սեյսմակայուն շինարարությանը, կառուցվող շենքերի խտությանը և անվտանգությանը։ Մասնագետն ընդգծեց, որ եթե անգամ շինարարությունը շարունակվի նման տեմպերով, սեյսմիկ ռիսկը կարող է նվազել, քանի որ այժմ ՀՀ–ում կա նոր սեյսմիկ վտանգի քարտեզ, կան նոր նորմեր, որոնց հիման վրա է կառուցապատում իրականացվում։

Մասնագետի խոսքով Երևանի բնակֆոնդի 70 տոկոսը հին է, մոտավորապես նույն պատկերն էլ ընդհանուր առմամբ մարզերում է, բայց մարզային 1-2–հարկանի տների խոցելիությունը շատ ավելի ցածր է։

Մարգարյանը նշեց, որ Սպիտակի երկրաշարժից հետո շենքերի ամրացումների շատ քիչ դեպքեր կան, նմանատիպ աշխատանքներ համատարած չեն իրականացվել։ Ըստ մասնագետի` դեպքեր են լինում, երբ խելամիտ տարբերակը շենքը քանդելն է, քանի որ ամրացման աշխատանքները կարող են շատ ավելի թանկ լինել։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print