Պաշտոնյաների նվերների նկատմամբ վերահսկողությունը մեղմող օրինագիծը հաստատվեց

ՀՀ ԱԺ–ն երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց պաշտոնյաների նվերների նկատմամբ վերահսկողությունը մեղմող օրինագիծը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Գործող օրենսդրությամբ վերահսկողության և հաշվառման են ենթակա պաշտոնյաներին տրվող նվերներն առանց բացառության, այդ թվում նրանք, որոնք պաշտոնյաները ստանում են արարողակարգով (կտավներ, գրքեր, ծաղկամաններ և այլն) և որոնք, որպես կանոն, փոխանցվում են գերատեսչությանը։

Նախագծի համաձայն՝ առաջարկվում է այդ նվերների հաշվառում չիրականացնել, հաշվի առնելով, որ դրանք մատուցվում են հրապարակայնորեն, ինչը թույլ է տալիս հասարակական վերահսկողություն իրականացնել։

Բացի այդ, առաջարկվում է նեղացնել պաշտոնյաների հետ փոխկապակցված անձանց շրջանակը, որոնց նվերները նույնպես պետք է հայտարարագրվեն։

Հիշեցնենք` օրենքով նախատեսվում է ստեղծել թույլատրելի նվերների հաշվառման ռեեստր, որտեղ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք պարտավոր կլինեն հաշվառել 40 000-60 000 դրամ արժեքով նվերները։ Մինչև 40 000 դրամ արժեքը չգերազանցող թույլատրելի նվերները ենթակա չեն հաշվառման, եթե, իհարկե, տարվա մեջ 2 և ավելի անգամ չեն ստացվում նույն աղբյուրից, 60 հազար դրամը գերազանցող նվերները դառնում են պետական կամ համայնքային սեփականություն։ Ռեեստրը վարելու է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Խորհրդարանում ընդունվելուց հետո օրենքն իրավական ուժ կստանա 2023 թվականի հունվարի 1-ից:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print