Կենսաչափական համակարգի ներդրման համատեքստում հանրապետությունում անձնագրային ծառայությունների գրասենյակների թիվը կրճատվելու է, ծառայությունների մատուցումը պատվիրակվելու՝ մասնավորին։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը։
Ըստ Դավթյանի՝ կենսաչափական համակարգի ներդրման մրցույթի հաղթող ընկերությունը՝ ֆրանսիական կոնսորցիումը, Հայաստանում կիրականացնի կենսաչափական համակարգի ներդրման գործընթացը։ Շուտով հաղթող կազմակերպության հետ կկնքվի պայմանագիր, որից հետո կսկսվի ներդրումային գործընթացը։
«Հանրային ծառայությունների մատուցման բոլորովին նոր կոնցեպտ ենք ներդնելու։ Լավ փորձառություն է բերվում Հայաստան։ Այդ մասնավոր ընկերության կողմից 23 գրասենյակ կունենանք, որից 2-3-ը կլինի Երևանում, մնացածը՝ մարզերում։ Այս գրասենյակներում են ընդունվելու անձը հաստատող փաստաթուղթ ստանալու վերաբերյալ դիմումները՝ լինի անձնագիր, թե նույնականացման քարտ»,-ասաց Նելլի Դավթյանը։
Նելլի Դավթյանը նշեց, որ ծառայությունները մատուցվելու են թվայնացած եղանակով։
«Ըստ էության, անձնագրային գրասենյակ մոտենալ անհրաժեշտ է լինելու մի քանի տարին մեկ անգամ։ Նոր տեխնոլոգիաների ներդրման պայմաններում, աշխարհի լավագույն փորձը հաշվի առնելով, սա բավարարելու է։ Գրասենյակներում ներդնելու ենք բոլորը մեկում կոչվող տեխնիկական լուծումը, երբ մեկ սարքով և լուսանկարահանումը, և մատնահետք վերցնելը իրականացվելու է տեղում»։
Երբ կենսաչափական համակարգը ներդրվի, տրամադրվելու են բացառապես կնեսաչափական անձնագրեր։ Իսկ արդեն եղած անձնագրերը կշարունակեն գործել մինչև վավերականության ժամկետի ավարտը։