Նոր հնարավորություն մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցների ուսուցիչների համար

Մինչև 100 աշակերտ ունեցող ուսումնական հաստատությունների վարչական աշխատողները հնարավորություն կունենան դասավանդելու նաև այլ հանրակրթական հաստատություններում։

«Հանրակրթության մասին» օրենքի որոշ դրույթներում կարգավորումներ եւ հստակեցում կատարելու նպատակով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Ստեփանյանը, Հերիքնազ Տիգրանյանը եւ Սիսակ Գաբրիելյանը փոփոխություններ են առաջարկում օրենքում, տեղեկացնում է Araratnews․am-ը:

Հեղինակներն առաջարկում են մինչեւ 100 աշակերտ ունեցող ուսումնական հաստատությունների վարչական աշխատողներին հնարավորություն տալ արտամրցույթային հիմունքներով աշխատանքային պայմանագրի հիման վրա դասավանդելու նաեւ այլ հանրակրթական հաստատություններում:

«Այս պահին ՀՀ-ում ունենք 258 ուսուցչի թափուր հաստիք, ինչպես նաեւ ունենք մինչեւ 100 սովորող ունեցող 429-ը ուսումնական հաստատություններ: Դրանք կազմում են ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 31,5 տոկոսը»,- ընդգծել է հիմնական զեկուցող Լիլիթ Ստեփանյանը:

Պատգամավորի խոսքով նախաձեռնության ընդունմամբ գյուղական եւ սահմանամերձ փոքր համայնքների սովորողներին հնարավորություն կտրվի ուսումնասիրել այս կամ այն առարկան ոչ միայն առցանց, այլ նաեւ առկա տարբերակով:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print